շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է. Ջանջուղազյան

Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է. Ջանջուղազյան

Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը ցածր է:  Այս մասին այսօր խորհրդարանում  Տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ պատասխանելով «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին։

Վերջինս անդրադառնալով գույքահարկի վերաբերյալ շրջանառվող նախագծին՝ նշեց, որ չօգտագործվող հողատարածքների հետ կապված այսօրվա գործող դրույքաչափը 1 տոկոս է, իսկ կառավարություննը առաջարկում է 0,25 տոկոս: «Որքանո՞վ է այս մոտեցումը համահունչ, որ հարկային քաղաքականությունը նպաստի տնտեսության զարգացմանը»,- դիմելով ֆինանսների նախարարին՝ ասաց Հովիկ Աղաջանյանը։

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ գույքահարկն, ըստ էության, տնտեսության զարգացման տեսակետից չի դիտարկվում նշանակալի գործոն: «Գույքահարկի և տնտեսական աճի միջև կապը գրեթե զրոյական է, այսինքն՝ բավականին ցածր է: Ըստ էության, այդ հարկատեսակը չի կանխորոշում, թե ինչպիսին պետք է լինի տնտեսության զարգացումը»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է արտադրական նշանակության գույքի համար այլ մոտեցում ցուցաբերելուն, Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ իրենք քննարկել են այդ մոտեցումը մինչև նախաձեռնությունը շրջանառության մեջ դնելը և եկել են այն եզրահանգման, որ դա նպատակահարմար չէ՝ որպես գործիք կիրառել:

«Մենք ուզում ենք բարձր արտադրողական տնտեսություն ունենալ մեր երկրում, ինչը միշտ չէ, որ նշանակում է, թե ինչքան մեծ է տարածքը, այնքան արտադրողական է այն: Եկանք այն եզրակացության, որ գնանք հետևյալ մոտեցմամբ՝ գույքն է հարկման օբյեկտը, և էական չէ տնտեսավարումը լա՞վ է կազմակերպվում, թե՞ ոչ»,- ընդգծեց Ատոմ Ջանջուղազյանը՝ հավելելով, որ դա արդեն իր լուծումը կգտնի մյուս հարաբերություններում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ նշեց, որ ավելացրեց, որ չօգտագործվող շենք-շինությունների, հողերի հարցը լուրջ խնդիր է դարձել: «Որոշակի մեխանիզմներ պետք է գտնենք այդ հարցին լուծում տալու համար, թեկուզ ոչ այս նախագծի շրջանակներում»,- նշեց նա։

  • Կիսվել: