ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գործարար Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ

Գործարար Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ

Հետքը գրում է՝ հայտնի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի ինքնաթիռը ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին 2022 թ. աշնանը հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ: Ռուսաստանցի հայ գործարարն անմիջական կապ չունի այս պատժամիջոցների հետ, սակայն նրան պատկանող օդանավը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության թիրախում:

Կարապետյանի բորտը հայտնվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում»: Ավելի կոնկրետ՝ այդ ցուցակում հայտնվել է մալթայական այն մասնավոր ավիաընկերությունը, որը շահագործում է բիզնես դասի օդանավեր: Խոսքը Մալթայի «Emperor Aviation» ընկերության մասին է, որը 2013 թ. հիմնադրել է վրացի Իրակլի Լիտանիշվիլին: Ընկերությունը գրասենյակներ ունի Մալթայի Բիրկիրկարա քաղաքում եւ Մոսկվայում:

Նկատենք, որ OFAC-ի «սեւ ցուցակում» ներառված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել: 

Ամերիկյան կողմի հակառուսական պատժամիջոցների տակ են հայտնվել թե՛ «Emperor Aviation»-ը, թե՛ դրա ավիապարկում գտնվող 8 շքեղ ինքնաթիռները, որոնք բոլորը գրանցված են Մալթայում՝ 4 հատ «Bombardier Global Express», 2 հատ «Gulfstream G650» եւ 1-ական «Cessna Citation XLS+» ու «Bombardier Challenger 650»:

Սրանցից «Gulfsream»-ներից մեկը հենց Ս. Կարապետյանին պատկանող օդանավն է, որը Մալթայի օդանավերի ռեգիստրում գրանցված է որպես 9H-SSK:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: