երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդիրները վկայում են անվտանգ ճանապարհների կարեւորության մասին․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդիրները վկայում են անվտանգ ճանապարհների կարեւորության մասին․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա խնդիրների պատճառով ստեղծված իրավիճակը, որին հաջորդել են այլընտրանքային ճանապարհ ապահովելու ուղղությամբ ՀՀ կառավարության լուրջ ջանքերը, ապացուցում է, որ մեզ անհրաժեշտ են հարմարավետ եւ անվտանգ ճանապարհներ։ Այս մասին այսօր «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։

Նա հույս հայտնեց, որ առաջիկա տարիների ընթացքում Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային երթուղու պատկերը լրջորեն կփոխվի: «Մենք վստահ ենք, որ Հայաստանի եւ Իրանի միջեւ բարձրորակ եւ հարմարավետ տրանսպորտային երթուղիները արդյունավետ կլինեն միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքերի բարձրացման գործում»,-հավելեց դեսպանը։ 

Նրա խոսքով՝ Իրանի եւ Հայաստանի տարածքով անցնող միջազգային տրանսպորտային երթուղու սպառնալիքն ուղղված կլինի ոչ միայն Իրանի եւ Հայաստանի, այլեւ այդ երթուղու մյուս շահառուների դեմ, որոնք այն սպառնալիք կհամարեն իրենց համար։

Նա ընդգծել է նաեւ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրի արտոնյալ պայմանների մասին համաձայնագրի իրականացման կարեւորությունը, ինչը կնպաստի առեւտրային հարաբերությունների զարգացմանը։ Դեսպանը հույս է հայտնել, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ նոր համաձայնագիրն այդ հարաբերությունների ամրապնդման ճանապարհ կբացի։ «Երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման առումով կարեւոր հիմք է սերտ համագործակցությունը ենթակառուցվածքային հարցերում։ Հայաստանի փոխվարչապետի Իրան կատարած այցի շրջանակում ձեռք է բերվել նոր պայմանավորվածություն էներգետիկայի ոլորտում փոխանակման մասին»,- նշել է նա։

Զոհուրին ավելացրել է, որ  հանրային կարծիքը եւ էլիտաները պետք է աջակցություն ցուցաբերեն երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը։ Դիվանագետը գոհունակությամբ նշել է, որ այս ուղղությամբ դրական դինամիկա է նկատվում։

Նա պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու մշակութային, ինչպես նաեւ ԶԼՄ-ների եւ երկու երկրների մտավորականության ներկայացուցիչների հարաբերություններում։

Նշենք, որ խոսքը «Հյուսիս-Հարավ» եւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքների մասին է, որոնցով շահագրգռված է նաեւ Իրանը։

  • Կիսվել: