երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գնումների գործընթացում «ֆեյք» ընկերությունների մասնակցությունը դառնում է զրոյական. Ֆիննախի պաշտոնյա

Գնումների գործընթացում «ֆեյք» ընկերությունների մասնակցությունը դառնում է զրոյական. Ֆիննախի պաշտոնյա

 Նոյեմբերի 2-ից իրականացվող գնումների նոր գործընթացում «ֆեյք» ընկերությունների մասնակցությունը զրոյական է, գործընթացը դառնում է արդյունավետ, թափանցիկ, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը:

Հիշեցնենք՝ գործընթացն իրականացվում է հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում ընդունված համապատասխան որոշման հիման վրա: Որոշման ընդունումից հետո մինչև դրա իրագործումը Ֆինանսների նախարարությունում, պաշտոնյայի փոխանցմամբ, հանրապետության պետական մարմինների շուրջ 200 ներկայացուցիչների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, որոնց ընթացքում նրանց ծանոթացրել են փոփոխված պայմանագրերի, դրանց կնքման ձևերի հետ:

«Գնումների գործընթացում կատարված վերջին փոփոխությունները բացառում են բյուրոկրատական քաշքշուկները: Բացի այդ, հանվել են պայմանագրերի այն մասերը, որոնք կարող էին խտրական պայմաններ առաջացնել ու սահմանափակել ընկերությունների մասնակցությունը: Սակայն դրա փոխարեն այժմ ընկերությունների պահանջվելու է բանկային երաշխիք՝ անկախ նրանից մասնակցող սուբյեկտը փորձ ունի, թե՞ չունի, աշխատողներ ունի, թե՞ չունի: Սա կբացառի ինչպես մրցույթների փուլում հնարավոր խտրական չափանիշների սահմանումը մասնակիցներին, այնպես էլ էականորեն կնվազեցնի պետության ռիսկերը՝ պայմանագրի կատարման փուլում անորակ աշխատանք, ապրանք, ծառայություն ստանալու», -մեզ հետ զրույցում ներկայացրեց Սերգեյ Շահնազարյանը:

Պաշտոնյայի պնդմամբ, գնումների նման գործընթացում զրոյական է դառնում «ֆեյք» ընկերությունների մասնակցությունը: Դրանք, նկատենք, այն ընկերություններն են, որոնք մասնակցում են պետական գնումներին, շահում մրցույթում, սակայն չիրականացնելով կամ ոչ պատշաճ կատարելով պլանը՝ ձախողում են պետական ծրագրի իրականացումը: «Խնդիրը ո՞րն էր՝ «ֆեյք» կամ կեղծ ընկերությունը մասնակցում էր գնումներին հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերում, նաև՝ գումար աշխատում ու հետո ձախողում գործընթացը: Հիմա այս բանկային երաշխիքը այս խնդիրը, հույս ունենք, կլուծի ու եթե ինքը իր պարտավորությունները չի կատարում, ապա պետությունը հնարավոր ֆինանսական վնասը հետ է ստանում բանկային երաշխիքի միջոցով:

Պարտավորությունները չկատարելու հավանականությունը սահմանափակվում է, քանի որ բանկը երաշխիք տալուց ստուգում է ընկերությունների պատշաճ լինելու հանգամանքը», նշեց պաշտոնյան: Մեր հարցին, թե արդյոք կոռուպցիոն վտանգ չկա՞ բանկ-ընկերություն հարաբերություններից, Սերգեյ Շահնազարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ նման վտանգ չի լինի, քանի որ բանկը շահագրգռված կլինի նվազեցնել իր հետ կապված ռիսկերը: Կարծում եմ՝ բանկը ուղղակի չի գնա դրան, որ երաշխիք տա կասկածելի վարքագծով ընկերություններին: Եթե ընկերությունը չի կատարում իր պարտավորությունը պետությունը գումարը ստանում է ոչ թե ընկերությունից այլ բանկից, այդ դեպքում, չեմ կարծում, թե բանկը կդիմի ռիսկի»:

  • Կիսվել: