երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղազախստանի վարչապետը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել հանել պետգնումների փոխադարձ հասանելիության արգելքները

Ղազախստանի վարչապետը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել հանել պետգնումների փոխադարձ հասանելիության արգելքները

ԵԱՏՄ երկրներն արտադրողներին՝ Միության այլ անդամ պետություններում պետական գնումների հասանելիության համար պետք է հանեն առկա բոլոր արգելքները եւ սահմանափակումները։ Այս մասին Երեւանում հոկտեմբերի 21-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմայիլովը։

Այդ արգելքները, ըստ նրա, բազմաթիվ են։ Դրանք են ե՛ւ երկրներում գործող՝ պետգնումների ոլորտին վերաբերող ազգային ռեժիմը, ե՛ւ տեխնիկական ու տեխնոլոգիական պահանջները, դրանց բովանդակությունը եւ անգամ աշխարհագրական սահմանափակումները։ «2020թ. ընդունվել են միասնական կանոններ, որոնցով նախատեսվում էին ապրանքների արտադրության ընդհանուր պահանջներ։ Երկու տարվա ընթացքում այդ կանոնները փոխվել եւ լրացվել են 10 անգամ։ Դա կապված է այն բանի հետ, որ կողմերը գործնականում լրացուցիչ պահանջներ են մտցնում»,- նշել է Ղազախստանի վարչապետը։

Նրա կարծիքով՝ պետական գնումներում ազգային ռեժիմի գոծառնության սկզբունքներն ընդհանուր առմամբ պետք է ճշգրտել։ Որպես տարբերակ՝ կարելի է սահմանել պետգնումների շեմ, որից ներքեւ ազգային ռեժիմը չի գործադրվի։

Նա խնդրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին քննարկել այս հարցը։

  • Կիսվել: