շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ղազախները մեքենաները գնել են ոչ թե հայերից, այլ ադրբեջանցիներից և գրանցել են ՀՀ-ում. բողոքի ակցիա

Ղազախները մեքենաները գնել են ոչ թե հայերից, այլ ադրբեջանցիներից և գրանցել են ՀՀ-ում. բողոքի ակցիա

Այսօր Կառավարության շենքի մոտ ավտոներկրողները բողոքի ակցիա են կազմակերպել:  

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք անցյալ տարի մեքենաներ էին ներկրել, դրանք մինչև տարեվերջ չէին բեռնաթափվել, և հունվարի 31-ին մոտ 300 մեքենա դուրս է մնացել շուկայից:

«Դրանք բոլորը Բագրատաշենի մաքսատանն են: Մի քանի գրություն ենք հղել ՀՀ կառավարությանը, վարչապետին, որպեսզի թույլ տան դեռևս անցած տարի ձեռք բերած ավտոմեքենաները բերել: Երեք շաբաթ է՝ պատասխանի ենք սպասում: Չենք ցանկանում այդ 300 մեքենաները թողնել Վրաստանի տարածքում»,- նշեց նա:

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակին: Ըստ նրա՝ մեքենաների մեծ մասը ղազախները ձեռք են բերել վրացիներից ու ադրբեջանցիներից և ոչ՝ հայերից:

Նա, մասնավորապես, ասաց. «Փաստորեն, այն մեքենաները, որ գնել են այս տարածքից, 70 տոկոսը հայ քաղաքացիների բնակության հասցեներում է գրանցված, սակայն գնել են Ադրբեջանի և Վրաստանի քաղաքացիներից: Միայն 30 տոկոսն  է մեր հայ քաղաքացին վաճառել Ռուսաստանին, Ղազախստանին և ԵԱՏՄ այլ երկրներին: Այսօր այն վիճակն է, որ 100.000-ավոր մեքենաներ ԵԱՏՄ տարածքում են, իսկ գույքահարկը թողել են մեր քաղաքացիների վրա: Պետք է հաշվառումից հանեն ու տանեն իրենց երկիր»:

  • Կիսվել: