երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց ես համոզված եմ, որ իրական ներուժը դեռ առջևում է. Պապոյան

Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց ես համոզված եմ, որ իրական ներուժը դեռ առջևում է. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-31-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
 
Հոկտեմբերի 29-ին նախարարը հանդիպել է գերմանացի ավելի քան 40 գործարարների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը։
 
Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրի հնարավորություններն ու գործիքակազմը։
 
Նախարարն առանձին անդրադարձել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցությանը, մասնավորապես, գյուղատնտեսության, էներգետիկայի, ձեռներեցության զարգացման, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում։
 
«Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց ես համոզված եմ, որ իրական ներուժը դեռ առջևում է։ Մենք նպատակ ունենք նոր թափ հաղորդել առևտրային և ներդրումային մեր երկկողմ հարաբերություններին՝ խրախուսելով ուղղակի ներդրումները Գերմանիայից և ընդլայնելով համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, վերականգնվող էներգիան, ջրային ռեսուրսների կառավարումը, գյուղատնտեսությունը, նորարարությունը և տեխնոլոգիաները»,- նշել է նախարարը։
 
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է նաև մասնակիցներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները։
 

  • Կիսվել: