շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«Գերմանիա այցի ժամանակ ապշել էինք». Փաշինյանը դեպք պատմեց իր ուղևորությունից

«Գերմանիա այցի ժամանակ ապշել էինք». Փաշինյանը դեպք պատմեց իր ուղևորությունից

Գերմանիա կատարած այցի ընթացքում մենք այցելեցինք մի տեխնոլոգիական քաղաք, որտեղ ամենաշատը մեզ զարմացրեց մի բան, թե ինչպես են այդ քաղաքի որոշ հատվածներում էլեկտրոմոբիլների օգտագործված կուտակիչները, որոնք պիտանի չեն արդեն մեքենայի համար, օգտագործվում են շենքերի էներգետիկ կարիքները հոգալու համար։ Այս մասին, այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մտանք այդ տարածքը և ճիշտ ասած ապշած էինք, որ այդպես շարված էին։ Այստեղ էլ էներգետիկ ոլորտում մեր առաջին գործը սովորելն է, ոլորտի ամենահարգելի մասնագետները, և մենք բոլորս պետք է սովորենք, թե ինչ է նշանակում էներգետիկա 21-րդ դարում։ Ինչպես գյուղատնտեսությունը, այնպես էլ էներգետիկան, որը մենք գիտեինք, 20 տարի հետո այլևս չի լինելու։ Այն էներգետիկան, որը մենք այսօր գիտենք, դրա առնվազն 70% -ը 30-40 տարի հետո այլևս չի լինելու և էներգետիկան ամբողջությամբ փոխվելու է։ Հետևաբար մենք պետք է ներգրվենք այդ փոփոխությունների տրամաբանության մեջ»,–ասաց Փաշինյանը։

Նա հավելեց, որ աշխատում են նաև կանաչ ջրածնի արտադրության և օգտագործման շուրջ, քանի որ կանաչ ջրածինը այն ջրածինն է, որը արտադրվում է արևային էլեկտրաէներգիայից։

«Ոչ մի անհարգալից բան չկա, որ ասում եմ՝ ոլորտի մեր մասնագետները պետք է վերապատրաստվեն, դրա վրա պետք է ռեսուրս ծախսել։ Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, ես կառավարման ակադեմիա գնում եմ դասերի և դա լուսաբանում եմ։ Ընդ որում ձևական չեմ գնում, պարտաճանաչ գնում եմ դասերի, նստում եմ դաս եմ անում, և դա անում եմ, այդ թվում, նրա համար, որ ոչ մեկի համար բան չհնչի, որ ես ասում եմ, որ մենք պետք է սովորենք, որ պետք է վերապատրաստվենք։ Դա բոլորին է վերաբերվում»,– ընդգծեց Փաշինյանը։

  • Կիսվել: