ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գեղարքունիքում ՄԱԿ-ը կաջակցի ոռոգման համակարգերի արդիականացմանը

Գեղարքունիքում ՄԱԿ-ը կաջակցի ոռոգման համակարգերի արդիականացմանը

Առաջիկայում Գեղարքունիքի մարզում ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» շրջանակներում ոռոգման համակարգերի արդիականացման համար շինարարական աշխատանքներ կընթանան։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետն այսօր ընդունել է ՄԱԿ–ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» համակարգող Արմեն Չիլինգարյանին։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Մարտունու համայնքապետարանի և «Գեղարքունիք» ջրօգտագործողների ընկերության կողմից տրամադրված տվյալների հիման վրա ՄԱԿ-ի «Աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի» գրասենյակի ներկայացուցիչները մասնագիտական ուսումնասիրություններ կկատարեն ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությամբ, այնուհետ, համապատասխան ընթացակարգերից հետո, կարող են մեկնարկել շինարարական աշխատանքները:
Ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում է Ճապոնիայի կառավարության կողմից։ Այն իրականացվում է երեք հիմնական ուղղություններում՝ օդերևութաբանական կայանների հիմնում, ջրային ավազանների քարտեզագրում և բարելավում, ոռոգման համակարգերի արդիականացում։
Մարզպետը շեշտել է, որ թեև ծրագրի բոլոր ուղղությունները չափազանց կարևոր են մարզի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, աղետների ռիսկերը կառավարելու տեսանկյունից, սակայն առաջնահերթ է համարում ոռոգման համակարգերի արդիականացման ուղղությունը, որտեղ ավելի հրատապ խնդիրների կարգավորման անհրաժեշտություն կա։
Նաև որպես ծրագրի բաղադրիչ մաս ներկայացվել է պոմպակայանների արդիականացումը՝ դրանք արևային ֆոտովոլտային կայաններով վերազինելու և գործարկելու հեռանկարով։
Շեշտվել է, որ տարվա մեջ ոռոգման շրջանը տևում է մոտ երկուսուկես ամիս, մնացած ամիսներին արևային ֆոտովոլտային կայաններում արտադրված էներգիան կարող է տնտեսվել և օգտագործվել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ուղղությամբ:

  • Կիսվել: