շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Գեղամավան գյուղում գերժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. Թիրախը ռուսաստանյան ծաղկի շուկան է

Գեղամավան գյուղում գերժամանակակից ջերմոցային համալիր կկառուցվի. Թիրախը ռուսաստանյան ծաղկի շուկան է

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 20-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց շրջանակներում «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող և հետագայում «ԱԹԱՆԵՍՅԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրվող սարքավորումները:

Այս ընկերության կողմից ներմուծվող ապրանքներով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գեղամավան գյուղում կառուցել գեր ժամանակակից ջերմոցային համալիր 20 053 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, որը համալրված է լինելու առաջատար տեխնոլոգիաներով և սարքավորումներով։

Նախապատրաստական աշխատանքները սկսվել են 2025թ.-ի հունվարից: Ընկերությունը հավակնում է զբաղեցնել առաջատար դիրքեր ռուսաստանյան ծաղկի շուկայում։ Այն արտադրելու է տարբեր, բարձր բերքատվություն ապահովող տեսակների վարդեր և դրա հիմնական մասը՝ 98 տոկոսը, վաճառվելու է ռուսաստանյան մեծածախ մատակարարներին, իսկ մնացած 2 տոկոսը՝ անմիջապես ՀՀ խոշորագույն առևտրային մանրածախ ցանցերին։

Ընկերությունը հիմնադրվել է 2024թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․5 մլրդ դրամի ներդրում՝ ջերմոցի և հումքի ձեռքբերման համար և 870 մլն դրամի ներդրում հողային աշխատանքների, կոմունիկացիաների, մոնտաժային աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 134 աշխատատեղ 280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 200-ի՝ 280հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 75․5 մլն դրամ:

  • Կիսվել: