հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գազի սակագնի բարձրացման դեպքում Կառավարությունը կարող է գործի դնել համապատասխան գործիքներ. Ֆինանսների նախարար

Գազի սակագնի բարձրացման դեպքում Կառավարությունը կարող է գործի դնել համապատասխան գործիքներ. Ֆինանսների նախարար

 Գազի սակագնի բարձրացման դեպքում պետական բյուջեից սակագնի բարձրացված մասը փոխհատուցելու ծրագիր բյուջեում չկա, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անրադառնալով գազի սակագնի հնարավոր բարձրացմանը և դրա հետևանքները մեղմելու հարցին։

«Գազի սակագնի բարձրացման հարցը քննարկման փուլում է, հետևաբար մենք չէինք կարող նախատեսել այդ խնդիրը բյուջեում։ Բայց պետք է ասեմ, որ բյուջետային գործընթացը հնարավորության դեպքում ճկունություն է տալիս կառավարությանը գործի դնել բավարար չափով գործիքներ։ Դա վերաբերում է ոչ միայն գազի սակագնի թանկացմանը։ Ցանկացած արտաքին ազդակների դեպքում կառավարությունը կարող է կիրառել համապատասխան գործիքներ», - հավելեց նախարարը։

Նշենք, որ գազի սակագնի թանկացման հնարավորություն չէին բացառել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում՝ տեղեկացնելով, որ հնարավոր է առաջիկայում համապատասխան հայտ ներկայացվի ՀԾԿՀ։ Ինչպես ավելի վաղ նշել էր ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը խոսք է գնում սակագինը սպառողների համար $30 թանկացնեկու մասին։

Նա նաև հայտնել էր, որ ներկայումս բանակցություններ են ընթանում գազի գինը սպառողների համար երկարաժամկետ (10 տարի ժամկետով) ֆիքսելու շուրջ։ Մինչդեռ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել էր, որ սագագինը հնարավոր է ընդհանրապես չավելանա, իսկ եթե ավելանա էլ շատ չնչին դրույքաչափով։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Ռուսաստանը գազի գինը Հայաստանի համար սահմանին ավելացրեց $15 (ներկայումս այն կազմում է $165 1000 ԽՄ-ի համար)։ Սակայն սպառողների համար սակագինը մնաց անփոփոխ, քանզի փոխհատուցվեց «Գազպրոմ Արմենիայի» ներքին ռեզերվների հաշվին։

  • Կիսվել: