FlyOne Armenia ավիաընկերությունը ամռանը թռիչքներ կիրականացնի դեպի Բարսելոնա, Տիվատ և Բուրգաս
Այս տարի կգործարկվեն նոր չվերթներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Flyone Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Նա տեղեկացրեց, որ վաղվանից կգործարկվեն Երեւան-Թեհրան-Երեւան չվերթները: Նրա խոսքով՝ ամռանը կգործարկվեն չվերթներ դեպի Բարսելոնա (Իսպանիա), Տիվատ (Չեռնոգորիա), Բուրգաս (Բուլղարիա), ինչպես նաեւ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան: «Բացի այդ, կառաջարկվեն շատ մատչելի փաթեթներ դեպի Սամարա, Եկատերինբուրգ եւ Նովոսիբիրսկ»,-նշեց նա։
Անանյանը տեղեկացրեց, որ 2023 թվականի առաջին հինգ ամիսներին ավիաընկերության ինքնաթիռներով փոխադրվել է ավելի քան 400 հազար ուղեւոր, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը կմոտենա 1 մլն ուղեւորի ցուցանիշին, ինչը կրկնակի շատ է նախորդ տարվա ցուցանիշից։
«Մեր ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում 20 ուղղություններով՝ Ռուսաստան, Եվրոպա, Մերձավոր Արևելք և այլն»,- հայտնել է ավիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը։