կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ֆիննախ․ Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 11 մլրդ դոլար

Ֆիննախ․ Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է ավելի քան 11 մլրդ դոլար

Հայաստանի պետական պարտքը 2023 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 289 միլիարդ դրամ, իսկ դոլարով՝ 11 միլիարդ 103 միլիոն: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում 2023 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ դրամային արտահայտմամբ պետական պարտքը 2023 թվականի առաջին կիսամյակում աճել է 2,5%-ով, իսկ դոլարային արտահայտմամբ՝ 4,4%-ով։

«Պետական պարտքի կառավարման ցուցանիշները նպատակային մակարդակում են։ Ընդ որում, ներքին եւ դրամային պարտքի ցուցանիշները շարունակում են բարելավում ցուցաբերել»,-վստահեցրեց Հովհաննիսյանը։

Անդրադառնալով բյուջեի ցուցանիշներին՝ Հովհաննիսյանը, մասնավորապես, հիշեցրեց, որ առաջին կիսամյակի ճշգրտված ծրագրի համաձայն՝ եկամուտները պլանավորվել են 1 տրլն 104 մլրդ դրամի չափով, իսկ ծախսերը՝ 1 տրիլիոն 230 մլրդ դրամ։ Ընդ որում, դեֆիցիտը կանխատեսվում էր 125 մլրդ դրամի մակարդակում։

«Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ 2023-ին հաջողվել է պետական բյուջեի ծախսերի աճ արձանագրել ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ ծախսերի գծով։ Փաստացի 2023 թվականի առաջին կիսամյակում մենք կարողացել ենք ապահովել 1 տրիլիոն  160 մլրդ դրամ դրամի եկամուտ՝ ծախսելով 1 տրլն 26 մլրդ դրամ։ Այսպիսով, պրոֆիցիտը կազմել է 134 մլրդ դրամ»,-ասաց նախարարը։ 

  • Կիսվել: