ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետօժանդակության ծրագրերը

Ֆինանսական կառույցների հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի պետօժանդակության ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մայիսի 11-ին հանդիպումէր կազմակերպել գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրերին մասնակցող ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպման նպատակն էր քննարկել Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման ընթացքն ու դրա շրջանակում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի բարեհաջող իրականացմանը խոչընդոտող խնդիրները:

Հանդիպման սկզբում փոխնախարարը ներկայացրել է գյուղատնտեսական ծրագրերին մասնակցելու համար դիմող քաղաքացիների կողմից առավել հաճախ բարձրացվողհարցերը, որոնք մեծամասամբ վերաբերում են տնտեսվարողներին տրամադրվող ֆինանսական միջոցների սահմանափակ հասանելիությանը, վարկերի տրամադրման ժամկետների երկարաձգմանը, ինչը խնդիրներ է առաջացնում գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:    

 

Արման Խոջոյանն ընդգծել է, որ ծրագրերի նկատմամբ սահմանվել է խիստ վերահսկողություն, որպեսզի գումարը հասնի իրական հասցեատերերին և նպատակային օգտագործվի:

«Մեր կողմից լրացուցիչ ուշադրության են արժանանալու հատկապես մինչև մեկ միլիոն դրամի չափով վարկերը, և այդ նպատակով առաջիկայում նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության վարչության աշխատակիցները ավելի հաճախ են մոնիթորինգային այցեր կազմակերպելու շահառուների տնտեսություններ», - նշել է փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում հնչել են մի շարք առաջարկներ ծրագրերի բարելավման ուղղությամբ, քննարկվելէ լրացուցիչ ֆինանսական ռեսուրսների ներգրավման նպատակահարմարությունը, ծրագրերում այլ ֆինանսական կառույցների ընդգրկման հնարավորությունը, ինչը թույլ կտա թեթևացնել մասնակից կազմակերպությունների ծանրաբեռնվածությունը դիմում-հայտերի ընդունման և ուսումնասիրման հարցում:

Առանձին անդրադարձ է կատարվել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծրագրերով սահմանված արտոնյալ պայմաններին, պետության կողմից ստանձնած համաֆինանսավորման պարտավորություններին, ծրագրերին մասնակցող կառույցների ֆինանսական ռիսկերի նվազեցմանը և այդ համատեքստում վարկային ռիսկի զսպման մեխանիզմների (ֆինանսական գրավ, երաշխիք/երաշխավորություն) օգտագործմանը:

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդգծել է պետության և ֆինանսական կազմակերպությունների համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ ստեղծված պայմաններում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու հարցում:

  • Կիսվել: