հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Expo Electronica 2023» ցուցահանդեսի մասնակից հայկական ընկերությունները ներկայացրել են գրանցած հաջողությունները

«Expo Electronica 2023» ցուցահանդեսի մասնակից հայկական ընկերությունները ներկայացրել են գրանցած հաջողությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ հայկական «ԵԻԱ Ինժեներինգ», «Ա-2» և «Ինժեներական Տուն» ընկերությունները «Հայաստան» միասնական տաղավարի ներքո մասնակցել են «Expo Electronica 2023» միջազգային 25-րդ ցուցահանդեսին։

Նախարարությունում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ցուցահանդեսի մասնակիցները ներկայացրել են իրենց տպավորությունները, կարևորել նման ցուցահանդեսներին մասնակցելու հնարավորությունը, խոսել գրանցած արդյունքների ու հաջողությունների մասին։

«Եիա Ինժեներինգ» ընկերության բիզնեսի զարգացման գծով տնօրեն Վիգեն Հովհաննիսյանը ցուցահանդեսից ունեցած ընթացիկ արդյունքները շատ դրական է գնահատում։ Նրա խոսքով՝ 50–ից ավելի ընկերություններ հետաքրքրված են իրենց պրոդուկտներով ու ծառայություններով։ Առաջիկայում այդ ընկերությունների հետ կշարունակեն աշխատել, որպեսզի հասնեն շոշափելի արդյունքների՝ ստորագրեն համագործակցության վերաբերյալ պայմանագրեր։

«Ա-2» ընկերության տնօրեն Արա Ոսկանյանը ևս նշում է, որ ցուցահանդեսից ունեցած արդյունքները գոհացուցիչ են։ Ընկերությունն ունի մոտ 10 նախնական պայմանավորվածություն, 4 հնարավոր համագործակցության հեռանկար ռուսական և բելառուսական ընկերությունների հետ:

«Ինժեներական Տուն» ընկերության տնօրեն Արամ Ղանալանյանն էլ ընդգծում է, որ ընկերությունն առաջին անգամ էր մասնակցում նման միջազգային ցուցահանդեսի ու իրենք ևս գոհ են արդյունքներից։

«Չէինք ակնկալում, որ նման հետաքրքրություն կցուցաբերվեր մեր ներկայացրած 2 ուսումնական պրոդուկտների նկատմամբ և այսչափ նախնական պատվերներ կստանայինք»,- նշում է ընկերության տնօրենը:

Ներկայացված երկու պրոդուկտների համար նախնական պատվերներ ունեն 23 ընկերություններից։ Բացի այս, ստացել են ինժեներական համագործակցության շուրջ 30, համատեղ պրոդուկտ ստեղծելու 2 և ռուսական ընկերության համար պրոդուկտ մշակելու 2 առաջարկ, ինչն ընդամենը մեկ տարի գործող ընկերության համար բավական մեծ ձեռքբերում են համարում։

Հանդիպման ավարտին՝ նրանց են հանձնվել «Expo Electronica 2023» ցուցահանդեսի մասնակցության հավաստագրեր։
«ԵԻԱ Ինժեներինգ»-ն իրականացնում է էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում, «Ինժեներական Տուն»-ը՝ էլեկտրոնային և հեռահաղորդակցական սարքավորանքի մշակում և արտադրություն, իսկ «Ա-2»-ը՝ Էլեկտրոնային չափիչ սարքերի նախագծում և արտադրություն։

«Expo Electronica 2023» էլեկտրոնիկայի միջազգային 25-րդ ցուցահանդեսին, որն անցկացվել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում, մասնակցել է շուրջ 450 ընկերություն և 21070 այցելու: Միջոցառման օրերին հայկական տաղավարը մարդաշատ է եղել՝ գրավելով պոտենցիալ գործընկերների և միջոցառման այցելուների ուշադրությունը: Ակտիվ հանդիպումներ և քննարկումներ են կայացել տարբեր երկրների ոլորտային ընկերությունների ներկայացուցիչների և գործարարների հետ։

  • Կիսվել: