Եվրոպական հանձնաժողովի հայտարարության հետքերով Մարուքյանը դիմել է Տաթևիկ Ռևազյանին
Ազգային Ժեղովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին՝ ԵՄ հայտարարության վերաբերյալ պարզաբանում պահանջելու համար։
«Եվրոպական միության պաշտոնական կայքում դեկտեմբերի 09-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ենթարկվել է խիստ քննության՝ անվտանգության վերահսկողության նվազման նշանների պատճառով։ Հարցը չափազանց կարևոր է, քանի որ նման հանգամանքներն իջեցնում են մեր երկրի վարկանիշը, ինչն իր հետ բերում է նաև զբոսաշրջության նվազեցում։ Ավելին, քաղաքացիական ավիացիայում անվտանգության վերահսկողության նվազումն ընդհանուր անվտանգության խնդիր է, և հետևանքները կարող են վերաբերել յուրաքանչյուր քաղաքացու Ըստ այդմ՝ Տիկին Ռևազյանից խնդրել եմ բացատրություն, թե՝ ինչ փաստերի կապակցությամբ է որոշվել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կան անվտանգության վերահսկողության նվազման նշաններ, ինչ միջոցներ է ձեռք առնում կոմիտեն այս ուղղությամբ դրությունը շտկելու նպատակով»,- նշվում է Մարուքյանի գրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն է հրապարակել, որում նշել էր, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գործունեությունը վերցվել է խիստ վերահսկողության տակ:
«Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խիստ վերահսկողության տակ է վերցվել՝ կապված թռիչքների անվտանգության ապահովման համար հսկողության թուլացման նշանների հետ», - նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
Մեկնաբանելով այս հայտարարությունը, ավիացիայի հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը PrimeNews-ի հետ զրույցում մասնավորապես նշել է, որ բնական է համարում Եվրոպական հանձնաժողովը հայտարարությունը։
«Ամենայն հավանականությամբ խնդիրը կապված է «Տարոն Ավիայի» հետ, որը ուղևորափոխադրումներ է իրականացնում Շիրակ օդանավակայանից: Իմ տվյալներով, թռիչքային անվտանգության խնդիր է եղել», - հայտնեց փորձագետը:
Նա ասաց, թե դեռ մի քանի օր առաջ է տեղեկություն ստացել, որ Հայաստանի համար վատ լուրեր են սպասվում Բրյուսելից: Վատ լուրը, փաստորեն, չուշացավ և պաշտոնական հայտարարությամբ Եվրոպական հանձնաժողովը մտահոգություն հայտնեց Հայաստանից իրականացվող թռիչքների կապակցությամբ: Միևնույն ժամանակ հայտարարության մեջ Եվրահանձնաժողովի անհանգստության պատճառները չեն նշվել:
«Չեն ասում, բայց Հայաստանի հետ կապված լուրջ խնդիրներ կան», - նշեց Խաչատրյանը:
Նրա խոսքով, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարությունը՝ ի դեմս Տաթևիկ Ռևազյանի, սխալ կադրային քաղաքականություն է վարում.
«Բոլոր հմուտ մասնագետներից հրաժարվել է, բերեց իր ջահելներին, որոնք բան չգիտեն: Աշխատացնում են կոմիտեն, որպես թրեվըլ էջենսի: Հիմա փաստորեն գալու են դրսից նորակոչիկներին աուդիտ անեն, շատ վատ բաներ են սպասվում Հայաստանին, ընդհուպ կարող է թռիչքները դադարեցնեն»:
Փորձագետի խոսքով, շատ հնարավոր է, որ «Տարոն Ավիայի» հետ կապված թռիչքային անվտանգության խնդիրը Քաղաքացիական ավիացիայի ղեկավարը կամ չի հասկացել, կամ փորձել են կոծկել:
PrimeNews.am-ին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից բանավոր չմեկնաբանեցին Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունը և հորդորեցին հարցերն ուղղել գրավոր:
Մինչ այժմ դեռ պատասախններ չեն ուղարկել Կոմիտեից: