կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը շատ կարևոր է, եթե ԵԱՏՄ-ն ուզում է ինքնավարություն ու առանձին կայունություն ապահովել՝  որպես Եվրասիական հարթակ․ Սուքիասյան

Եվրասիական վերաապահովագրական ընկերության ստեղծումը շատ կարևոր է, եթե ԵԱՏՄ-ն ուզում է ինքնավարություն ու առանձին կայունություն ապահովել՝ որպես Եվրասիական հարթակ․ Սուքիասյան

Իհարկե, այս ինստիտուտը շատ կարևոր է,  իհարկե  ԵԱՏՄ-ի  մասով պետք է որոշակի առանձնահատկություն ունենանք, որ ավելի ապահով լինենք, կախված չլինենք այլ  պետություններից կամ այլ ապահովագրական ընկերություններից, բայց սրան պետք է 5-10 տարի, որ կայանա։ Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի  մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նման դիտարկում արեց «Եվրասիական վերաապահովագրական ընկերության  ստեղծման  մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծի քննարկմանը։

«Կարծում եմ՝ դրական ենք գնահատում, թող լինեն այս ինստիտուտները։ Եվ շատ ճիշտ որոշում է, եթե ուզում ես ինքնավարություն, ուզում ես առանձին կայունություն ապահովել՝ որպես Եվրասիական հարթակ»,-ասաց նա։

Նշենք, որ հարցը զեկուցող ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանն իր խոսքում ընդգծեց, որ այս նոր ստեղծվող մարմնի նպատակն է աջակցել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի, ներդրումների ծավալների մեծացմանը, տնտեսական ինտեգրմանը, ներդրումային գրավչութան բարձացմանը, երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանը։ 

Սուքիասյանն էլ նկատեց․ «Շատ ուրախ կլինենք, որ վերաապահովագրումը մինչև անգամ բազմաբնակարան շենքերի մասով լինի։ Եթե  պետք  լինի կարող է մինչև անգամ մի քանի միլիարդ  դոլար վերաապահովագրել  կամ տասնյակ միլիարդ դոլարներ»։ 

Նարեկ Տերյանն էլ արձագանքեց․ «ՀՀ-ի ներդրումը կառույցի ստեղծման կապիտալի մեջ 3 տոկոսով է մասնակցում,  կապիտալի մեջ ներդրումը կազմում է 450 միլիոն ռուբլի։  Համաձայն եմ պարոն Սուքիասյանի հետ, որ նման կառույցներ պետք է լինեն, որ կարողանանք ավելի ինքնավար լինել ԵԱՏՄ-ի մեջ։ Այսպես նվազեցնում ենք այն ռիսկերը, որոնք կարող են լինել  գեոքաղաքական իրավիճակում։ Հարցը հրատապ է նրանով, որ հիմա ՀՀ-ից  դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները կտրուկ աճում են, կարծում եմ, որ ինչքան հնարավոր է նման կառույցները պետք է շուտ ստեղծվեն։ Հասել ենք համաձայնության, որ գլխամասը լինելու է Երևանում»։

  • Կիսվել: