հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների վերաբերյալ քննարկում է տեղի ունեցել

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ Մասիսի համայնքապետարանում Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման խնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ օրակարգային հարցերով համակողմանի քննարկում է տեղի ունեցել։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ քննարկվող խնդրի կարևորությունը գիտակցելու և համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամության համար։ Նախարարի տեղակալը նշել է, որ տարածքում ջրային ռեսուրսների կառավարումը անհամեմատ խոցելի է թե՛ ստորերկրյա ջրային ռեսուրսների պահպանության, թե՛ դրանց արդյունավետ օգտագործման և թե՛ խորքային հորերի կարգավորումների առումներով։

Իր խոսքում Տիգրան Գաբրիելյանն անդրադարձել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղությամբ նախարարության կողմից առայսօր իրականացված միջոցառումներին, պարբերական դիտարկումներին և օրենդրական դաշտի լավարկմանն ուղղված քայլերին։

Ջրավազանային պլանավորման կառավարման բաժնի պետ Օրի Ավետիսյանն արձանագրված խնդիրների թվում ներկայացրել է վիճակագրություն Մասիս համայնքի 12 բնակավայրերում առկա խորքային հորերի վերաբերյալ։ Նշված բնակավայրերում ուսումնասիրվել է 336 խորքային հոր, որից 15-ը ենթակա է լուծարման կամ կոնսերվացման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Ակտիվ և կառուցողական քննարկման արդյունքում շահագրգիռ բոլոր կողմերը վեր են հանել ներկայացված բնակավայրերում ստորերկրյա ջրային ռեսուրսների կառավարման քայլերի առաջնահերթությունները։ Քննարկման ավարտին նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ նման ձևաչափով քննարկումների արդյունավետությունն անխուսափելի է՝ ի շահ ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարմանը:

  • Կիսվել: