երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
647 ապրանքի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի, սակայն դա չի վերաբերում ավտոմեքենաներին

647 ապրանքի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի, սակայն դա չի վերաբերում ավտոմեքենաներին

Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն տվեց «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ սրանով փոփոխություն են կատարում միանալու պայմանագրին, որը ենթադրում էր 2015-ից մինչև 2020 թվականը 930 անուն ապրանքների գծով մաքսային արտոնություն սահմանել:

Նա հիշեցրեց, որ 2019-ի դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն  է ձեռք բերել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարացնելու մեկ տարով՝ մինչև 2020 թվականի վերջը։ «Դրանից հետո բանակցություններ տեղի ունեցան, որից հետո եկանք համաձայնության, որ Հայաստանի համար 647 ապրանքների մասով արտոնությունը կերկարաձգվի մինչև այս տարվա վերջ»,- ասաց Մհեր Գրիգորյանը։

Այժմ, ըստ նրա, նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում, համաձայն որի՝ վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

«Առնվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս է գոյանում, այսինքն՝ այդքան պակաս մաքսատուրք կվճարեն: Այդ ապրանքներից են միս, կարագ, թանկարժեք մետաղներ, դրանցից պատրաստված իրեր, քարեր, դեղորայք, դեղորայքի հումք և այլն»,- նշեց  Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետի խոսքով՝ կարող են հետին թվով այս փոփոխությունը ուժի մեջ դնել 2020-ի հունվարի 1-ից, սակայն դրա հետ կապված կարիք կա քննարկումների:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց նախագծի ընդունումը՝  նշելով, որ սա առնվազն 30 մլն դոլարի խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար. «Արձանագրենք, որ այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում»:

Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բացի ավտոմեքենաներից, մնացած գրեթե բոլոր ապրանքների վրա այս հետաձգումը տարածվում է:

  • Կիսվել: