հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
 Եթե ուսանողի վարձը վճարել է ոչ թե ծնողը, այլ ընտանիքի այլ անդամ, սոցիալական կրեդիտից կարո՞ղ են օգտվել. հարց նախարարին

Եթե ուսանողի վարձը վճարել է ոչ թե ծնողը, այլ ընտանիքի այլ անդամ, սոցիալական կրեդիտից կարո՞ղ են օգտվել. հարց նախարարին

Կան 238 արվեստի, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ, կենտրոններ, որտեղ սովորում են ավելի քան 55,000 երեխաներ, նրանցից ավելի քան 43,000-ը վճարովի են այդ դպրոցներում սովորում, և կարևոր է, որ մարդիկ իմանան, որ կարող են արդեն այսօր ընդունված որոշումից հետո դիմել և այս ծախսերի փոխհատուցումը եկամտային հարկից հետ ստանալ սոցիալական կրեդիտի տեսքով։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հիշեցնեմ ուղղակի, որ անկանխիկ եղանակով վճարում իրականացրած լինելու հանգամանքը կարևոր փաստ է և կուզեմ նաև իրազեկել, որովհետև դասագրքերի համար վճարներ անում են մեր բոլոր 5-12-րդ դասարաններում սովորող դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները, բացառությամբ սոցիալական որոշ խմբերի, որ նրանք կարող են նաև յուրաքանչյուր երեխայի համար 3000 դրամի չափով եկամտային հարկից վերադարձ ստանալ դասագրքերի վարձավճարի մասով:

Կուզեմ հիշեցնել, որ սրանով նաև հնարավորություն է ստեղծվում ոչ ֆորմալ կրթական ծառայություններից օգտվելու, և սա դաշտ է բացում թե՛ կրթական ծառայությունների ձևավորման համար, և թե դաշտ է բացում մեր քաղաքացիների համար անկախ տարիքից կրթվելու և նաև այդ կրթության համար իրականացրած վճարների փոխարգրկում ստանալու եկամտային հարկից»,-ասաց նա:

Հարցին՝ եթե ուսանողի վարձավճարը վճարել է ոչ թե ծնողը, այլ ընտանիքի այլ անդամ, այդ դեպքում այն հետ ստանալու հնարավորություն կա՞, նախարարը պատասխանեց. «2024 թվականին կատարված ծախսերի մասով հնարավոր կլինի նման տեղեկանքներ ստանալ բուհերից, բայց այսուհետ պիտի խնդրենք, որ մեր քաղաքացիները ուշադիր լինեն, նշելու, թե ով ում համար է վճարում։

Պետք է իդենտիֆիկացիա լինի ու այդ պարագայում բուհը կարող  է տեղեկանք տալ վճարողի անունով և նաև ուսանողի տվյալներով»:

  • Կիսվել: