կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Եթե փոսերը աղ ու ավազի պատճառով են, ապա հյուսիսային բևեռի երկրները պետք է խրամատների վերածվեին. Մանուկյան

Եթե փոսերը աղ ու ավազի պատճառով են, ապա հյուսիսային բևեռի երկրները պետք է խրամատների վերածվեին. Մանուկյան

Սխալ է պնդումը, ասֆալտը վնասվել է աղ ու ավազի պատճառով։ Եթե քաղաքապետարանը որակյալ ասֆալտ աներ, ապա այդ ասֆալտը չէր քանդվի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 10–ին, հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն անդրադառնալով Ավինյանի հայտարարություններին։

Հիշեցնենք, որ գործակարգավարական նիստում մայրաքաղաքի փողոցներում առաջացած մեծ փոսերը պայմանավորել էր ձնամաքրման ժամանակ օգտագործված աղ ու ավազով։

«Այդ տրամաբանությամբ Հյուսիսային բևեռում գտնվող բոլոր երկրները պետք է խրամատների վերածվեին։ Գայի պողոտայի անցյալ տարվա ասֆալտապատումը արդեն քանդվել է։ Նույն տրամաբանությամբ Ամիրյան փողոցի ասֆալտապատումը չի քանդվել։ Դա թյուրըմբռնում է։ ՔՊ-ն իր ասֆալտչիկի բրենդը սպառել է։ Իրենք ասֆալտի փողերն ուտում են, անորակ ասֆալտը սարքում են»,-ասել է Մանուկյանը։

Նրա խոսքով՝ փոսալցումների աշխատանքները կլինեն ապրիլին, քանի որ մոտակա ժամանակներս սպասվում են տեղումներ և տեղումների ժամանակ արված աշխատանքները կլինեն փողերի հերթական մսխումը։

Ինչ վերաբերում է գծանշումների բացակայությանը, ապա Մանուկյանն ասաց, որ պետք է նախ ասֆալտը լինի, ապա գծանշումները. «Փաստ է այն, որ 2018 թվականի հեղափոխության ժամանակ այսօրվա իշխանավորները, որ գետնին պառկած էին, Տարոն Մարգարյանի ժամանակ բոլոր գծանշումները արված էին։ Իրենց սիրելի նախկինների ժամանակ այդ խնդիրը չի եղել։ Հիմա սրանց ժամանակ գծանշումներն էլ նորմալ չի։ Ներ մեխանիզմներ բերեցին, որ այնպիսի գծանշումներ են անում, որոնք չեն մաշվում, բայց քաղաքում գծանշման խնդիրներն առկա են»,-ընդգծեց նա։

  • Կիսվել: