շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե ԿԲ գնաճի խնդիրը չլուծի, անկանխատեսելի գների աճ կլինի․ «Պետություն-մասնավոր երկխոսություն» ֆորում

Եթե ԿԲ գնաճի խնդիրը չլուծի, անկանխատեսելի գների աճ կլինի․ «Պետություն-մասնավոր երկխոսություն» ֆորում

Գյումրիում ենք, որպեսզի մեկ հարթակում` պետական եւ մասնավոր հատվածների միջեւ երկխոսության միջոցով բացահայտենք մարզի տնտեսական զարգացման հեռանկարները, առկա խնդիրները, մարտահրավերները, ինչպես նաեւ ներկայացնենք բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակն ու հնարավորությունները: Կգույքագրվեն բարձրաձայնված խնդիրներն ու մտահոգությունները` դրանց հնարավորինս արագ լուծումներ գտնելու նպատակով: Այս մասին «Պետություն-մասնավոր երկխոսություն» ֆորումի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Մարտի 11-ին Գյումրիի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի է ունեցել «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումը, որը դարձավ օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչների ու գործարարների հետ շփման յուրօրինակ հարթակ:

Պանելային քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, հանձնաժողովի պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Հովիկ Աղազարյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխնախարար Արման Խոջոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Գյումրիում եւ մարզում գործունեություն ծավալող 100-ից ավելի գործարարներ ու տնտեսվարողներ, համայնքների ներկայացուցիչներ:

«Ֆորումը հնարավորություն է տալիս գործարարներին հանդիպելու ոլորտի պատասխանատուներին: Տնտեսական ակտիվության ապահովման կարեւոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է: Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթություններն առանձնացնելը խիստ կարեւոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար: Մեր երկրի հզորացման նախադրյալներից մեկը զարգացող բիզնեսն ու ամուր տնտեսությունն է»,- ասել է պատգամավոր Դավիթ Առուշանյանը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանն անցյալ տարի շատ բարձր տնտեսական աճ է ունեցել` 12,6 տոկոս: Աճել են գրեթե բոլոր ճյուղերը` բացի հանքարդյունաբերությունից:

«Պարզ է, որ շատ են խոչընդոտները, շատ են խնդիրները, որոնք խանգարում են գործարարներին, մեզ համար կարեւոր է առաջին ձեռքից լսել այն խնդիրները, որոնց բախվում է բիզնեսը»,- ասել է նախարարը` հավելելով. «Քննադատեք մեզ ինչքան հարկ եք համարում, մենք էլ այդ քննադատությունը կվերածենք բիզնեսի միջավայրի լավացման օրակարգի»:

 

«Լենտեքս» տեքստիլ գործարանի հիմնադիր Կարեն Գոմցյանը նշել է, որ ստեղծվել է հրաշալի միջավայր բիզնեսի զարգացման համար. «Մի քանի ժամում կարելի է բիզնես ստեղծել, վարձել կազմակերպություն, որը շատ դրական է: Ես 20 տարի առաջ եմ եկել Հայաստան, ու բիզնեսն այն ժամանակ եմ հիմնել. 20 տարի առաջ ես կերազեի, որ նման օրենսդրական եւ նորմատիվային բազա լիներ Հայաստանում, ինչ որ հիմա կա»,- ասել է գործարարը: Նա, թվարկելով առավելությունները, միաժամանակ նշել է, որ դրամի փոխարժեքը խնդիրներ է ստեղծում գործարարների համար:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ դրամի փոխարժեքի տատանման վերաբերյալ ԿԲ գործընկերների հետ քննարկումներ են ունեցել:

«Դրամի կուրսն ազատ է, բայց ԿԲ-ն գործիքներ ունի, որով կարող է ազդել: Կենտրոնական բանկի համար հիմա գլխավոր խնդիրը գնային կայունությունն է, իսկ գները դեռ բավականին բարձր են, այսինքն` ինֆլյացիան դեռ 8 տոկոսից ավելի է, որը շատ բարձր է: Գնաճը մեզ մոտ ավելի ցածր է, քան տարածաշրջանի երկրներում, եթե մենք դրա դեմ չենք պայքարում, ապա աղքատությունն էապես աճում է»,- ասել է Վահան Քերոբյանը:

Բաբկեն Թունյանն էլ ընդգծել է, որ եթե Կենտրոնական բանկը գնաճի խնդիրը չլուծի, կունենանք անկանխատեսելի գների աճ, որից բոլորն են տուժելու:

Գործարարները բազմաթիվ հարցեր են բարձրաձայնել. անդրադարձել Գյումրիում տեխնոքաղաք հիմնելու ծրագրի ձգձգվող գործընթացին, Գյումրիի ամենահին գործարաններից մեկը` «Ստրոմմաշը» փակելուն, արտահանողներին անհրաժեշտ աջակցությանը, ազատ տնտեսական գոտիներին, լաստանավային հաղորդակցությանը, «չոր նավահանգստի» նախագծին, ներկայացրել են հեղինակային իրավունքի խախտման, բյուրոկրատական քաշքշուկների մի շարք դեպքեր, նշվել է, որ մարզում կրթված գյուղատնտեսների, անասնաբույժների պակաս կա:

Վահան Քերոբյանը նշել է, որ Կառավարության նպատակն է ստեղծել բարձրակարգ քաղաքաշինական միջավայր, որտեղ կատարված ներդրումները լինեն իմաստալից եւ բարենպաստ միջավայր ստեղծեն թե՛ տեղի բնակիչների, թե՛ զբոսաշրջիկների համար: Անդրադառնալով «չոր նավահանգիստ» նախագծի իրականացմանը` նախարարը նշել է, որ այն պետք է դառնա Գյումրիի արդյունաբերության վերածննդի մի նոր էջ:

Բարձրաձայնված խնդիրները կքննարկվեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակում, եւ դրանց կանոնակարգման ուղղությամբ կձեռնարկվեն համապատասխան մոտեցումներ:

«Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորումներ կկազմակերպվեն Հայաստանի մյուս մարզերում ու քաղաքներում եւս:

  • Կիսվել: