շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե ՀՆԱ-ի աճմանը զուգընթաց աճում է նաև աղքատության ցուցանիշը, ուրեմն՝ տնտեսությունը հիվանդ է. Թավադյան

Եթե ՀՆԱ-ի աճմանը զուգընթաց աճում է նաև աղքատության ցուցանիշը, ուրեմն՝ տնտեսությունը հիվանդ է. Թավադյան

Համախառն ներքին արդյունքն աճում է, սակայն միևնույն ժամանակ աճում է նաև աղքատությունը: Սա նշանակում է, որ տնտեսությունը հիվանդ է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով ՀՀ-ի տնտեսության մասին՝ 2022-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ին մեր երկրի անդամակցության համատեքստում, ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով՝ մեր տնտեսությունն ունի լուրջ խնդիրներ, որոնցից առաջինը առևտրային հաշվեկշռի դիսբալանսն է, երկրորդը՝ գործազրկություը, և երրորդը՝ միգրացիան: Բանախոսը կառավարությանը խնդրեց ուշադրություն դարձնել այս երեք կետերին, ինչպես նաև հաշվի առնել լուծումներ առաջարկող փորձագետների կարծիքները:

Թավադյանը մեծապես կարևորեց ԵԱՏՄ-ի դերը մեր տնտեսական աճի տեսանկյունից՝ ընդգծելով, որ մեր արտահանման ծավալները ԵԱՏՄ-ին անդամակցելուց ի վեր սկսեցին աճել, ընդ որում՝ խոսքը պատրաստի արտադրանքի արտահանման մասին է:

՛՛ԵԱՏՄ մտնելուց հետո մեր արտահանումը, շնորհիվ պատրաստի արտադրանքի, կտրուկ աճեց՝ հասնելով 2.5 մլրդ-ի: Այս տարի այդ ցուցանիշը, կարծում եմ, կարող է գերազանցել 3 միլիարդը՛՛: Իր դիտարկումը նա հիմնավորեց դեպի Բելառուս և Ռուսաստան մեր արտահանման ծավալների կրկնապատկմամբ, ինչպես նաև ընդգծեց դրամի ամրացումը:

Խոսելով ապաշրջափակման և դրա հնարավոր ազդեցության մասին մեր տնտեսության վրա՝ Աշոտ Թավադյանն ասաց, որ այս համատեքստում պետք չէ մոռանալ նաև վրացական կամ աբխազական երկաթուղու ուղղությամբ աշխատելը:

Տնտեսագետն անդրադարձավ նաև ներդրումային քաղաքականությանը՝ մասնավորապես նշելով. ՛՛Եթե ներդրումներն ուղղորդում ենք դեպի բնակելի շինարարություն, դա նշանակում է, որ դրանք կտրում ենք արտադրությունից, մինչդեռ ցանկանում ենք, որ աճի հատկապես պատրաստի արտադրանքի արտահանումը՛՛:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: