հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե չենք ուզում պատերազմ, մեր բյուջեն պետք է 10 մլրդ լինի. Արայիկ Հարությունյան

Եթե չենք ուզում պատերազմ, մեր բյուջեն պետք է 10 մլրդ լինի. Արայիկ Հարությունյան

 

Եթե չենք ուզում պատերազմ, 4 միլիարդ բյուջեի փոխարեն մենք 10 միլիարդ բյուջե պետք է ունենանք. ՊԲ-ին, բանակաշինությանը պետք է հատկացվի ոչ թե 400-450 միլիոն, այլ ավելի քան 1 միլիարդ:

Այս մասին այսօր ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանում կայացած «Արցախի հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարները» թեմայով դասախոսության ժամանակ ասաց Արցախի նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ նրա` Հայաստանի և Արցախի պարագայում 10 տարի շարունակ անընդմեջ 10 % տնտեսական աճ ապահովելու պայմաններում միայն մենք կարողանալու ենք 2030 թվականին ունենալ տնտեսական զարգացման այնպիսի մակարդակ, որ հնարավոր կլինի լուծել երկրի հիմնական սոցիալական խնդիրները:  

Նրա կարծիքով` Արցախի հիմնահարցի լուծումը մեծապես կախված է Հայաստանի և Արցախի տնտեսական հզորությունից:

Արայիկ Հարությունյանը հիշեց, որ 2008-ին, երբ Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալները հասել էին գագաթնակետին, ինքը կանխատեսել էր պատերազմ`2014-2015 թվականների ընթացքում: Նրա կարծիքով` այդ պատերազմը հնարավոր կլիներ բացառել, եթե ՀՀ-ի և Արցախի տնտեսություններն այդ տարիներին կարողանային գրանցել առնվազն 8 տոկոս աճ:

«Եթե լինի պատերազմ, ապա ելքը, կարելի է ասել, վճռորոշ է լինելու` հօգուտ մեզ»,-հայտարարեց Արայիկ Հարությունյանը:

Նա նաև նախանշեց ուղիները, որոնցով կարելի է հասնել բարձր ցուցանիշների. նա Արցախի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունը համարում է գյուղատնտեսությունը. «Ունենք հարյուր հազար հա չմշակվող հող, որն անհրաժեշտ է մշակել և դարձնել գյուղատնտեսական նշանակության: Պտղի արտադրությունը պետք է զարգացնել, 20 հազար տոննայից այն պետք է հասցնել 200 հազար տոննայի»:

Ըստ Արայիկ Հարությունյանի` նռան պահանջարկը մեծանում է, իսկ աշխարհագրորեն ամեն տեղ չէ, որ հնարավոր է նուռ աճեցնել, հետևաբար այս ճյուղի զարգացումը մեծ հաջողություն կարող է ունենալ: Արցախի գյուղատնտեսության զարգացման հաջորդ ուղղությունն Արայիկ Հարությունյանի պատկերացմամբ, ոչխարաբուծությունն է:

  • Կիսվել: