հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երիտասարդներն հանուն համայնքի զարգացման. երկամյա ծրագիրը գրանցում է տպավորիչ արդյունքներ

Երիտասարդներն հանուն համայնքի զարգացման. երկամյա ծրագիրը գրանցում է տպավորիչ արդյունքներ

«Երիտասարդները հանուն համայնքի զարգացման» երկամյա ծրագրի ավարտն ազդարարվել է Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպված միջոցառմամբ, որին ներկա են եղել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը,  ծրագրի շահառուները և այլ հյուրեր:

Այս ծրագիրը հնարավորություն է տվել մարզաբնակ 200 երիտասարդների աշխատանքի անցնել կամ սեփական բիզնեսը հիմնել:

Նախաձեռնությունն ի սկզբանե  նպատակ ուներ բարձրացնել Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Արագածոտնի մարզերի սահմանամերձ համայնքներում բնակվող և սոցիալապես անպահով երիտասարդների զբաղվածության մակարդակը` նպաստելով նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանը և սոցիալական ներառմանը։ Ծրագրում ընդկրկվեցին նաև Արցախից տեղահանված 16-35 տարեկան երիտասարդներ, ովքեր, մասնագիտական հմտությունների զարգացմանը զուգընթաց, ծանոթացան նաև բիզնեսի կառավարման, ձեռնարկատիրական գործունեության առանձնահատկություններին և բարձրացրեցին  ֆինասական գրագիտության մակարդակը։

Կիրառելով ձեռք բերված գիտելիքները` ծրագրի շահառուները պատրաստեցին և ներկայացրեցին իրենց բիզնես նախագծերը, որոնցից լավագույն 25-ը ստացան ֆինանսական աջակցություն` գաղափարի իրականացման նպատակով:

«Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության  հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը կարևորեց ծրագիրը` նկատելով, որ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ձեռք բերել հմտություններ` հետագայում արժանապատիվ աշխատանք ունենալու համար։

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ երիտասարդներից շատերն իրենց համայնքներում գտել են աշխատանք, ոմանք էլ հիմնել են սեփական բիզնեսը: Վերոնշյալն ինձ ոգևորում է, քանի որ նպաստում է ծրագրի գլխավոր նպատակի իրագրծմանը` աղքատությանը հաղթահարմանը մարզերում»,- մեկնաբանեց տիկին Հովհաննիսյանը:
Միջոցառմանը կազմակերպված տոնավաճառի (բիզնես Էքսպո) ընթացքում ծրագրի շահառուները հնարավորություն ունեցան հյուրերին ներկայցնել իրենց աշխատանքները և վաճառել դրանցից մի քանիսը:

  • Կիսվել: