չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Երևանում և մարզերում էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման կայաններ կստեղծվեն

Երևանում և մարզերում էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման կայաններ կստեղծվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 23-ի նիստում որոշեց գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատել «ԹԻ ԷՄ ԿՈՆՍՏՌԱԿՇՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերությունն իրականացնում է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կայանների կառուցման շինարարական աշխատանքներ։ Ընկերության ներդրումային ծրագրի նպատակն է համագործակցելով էլեկտրոմոբիլների տեխնիկական սպասարկման ծառայություններ մատուցող ընկերությունների հետ՝ կառուցել տեխնիկական սպասարկման կայաններ՝ Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։

Գործունեությունը իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում և մարզերում։ Ընկերությունը հիմնադրվել է 2021 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնելշուրջ 90 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման և 40-50  մլն դրամի ներդրում յուրաքանչյուր տեխսպասարկման կետի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 11 աշխատատեղ 130 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 26-ի՝ 165 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 86 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 10․2 մլն դրամ։

  • Կիսվել: