Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտներն է ավելացնում. Տիգրան Ավինյան
Երևանի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 միլիարդ 715 միլիոն դրամ, բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողականը՝ 103,1 տոկոս, որից սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով: Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել՝ կազմելով 71 միլիարդ 199 միլիոն դրամ:
Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ներկայացնելով Երևան քաղաքի բյուջեի կատարման տարեկան զեկույցը` ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ սեփական եկամուտների փաստացի հավաքագրումն ավելի է 2023-ի փաստացի ցուցանիշից 21 միլիարդ 100 միլիոն դրամով: Պետբյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, կազմել են 955 միլիոն դրամ, պետության կողմից ՏԻՄ մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացված միջոցները նախատեսված 34 միլիարդի փոխարեն փաստացի մուտքագրվել է 30 միլիարդ դրամ, իսկ ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիան և Երևանի քաղաքապետարանի սեփական լիազորությունների իրականացման համար տրամադրվող դոտացիան նախատեսվել և մուտքագրվել է 8,4 և 4,8 միլիարդ դրամ:
«Ուզում եմ ասել, որ տարեկան տենդենցը՝ պետական այս տեսակ աջակցությունների, գնալով նվազում է, և Երևանի քաղաքապետարանը իր սեփական եկամուտներն է ավելացնում»,- ասաց Ավինյանը:
2024-ին բյուջեի միջոցների հաշվին կատարվել է 113,7 մլրդ դրամի ծախս, որը նախատեսվածի 94,5 տոկոսն է, ինչը, ըստ Երևանի քաղաքապետի, ռեկորդային ցուցանիշ է վերջին ժամանակաշրջանի համար: