Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում կիրականացվեն էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ
Խորհրդարանը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) միջև 2024 թ. նոյեմբերի 12-ին ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիրը՝ 10.1 մլն եվրո ծավալով:
Ծրագրի ընդհանուր արժեքը 38 մլն եվրո է, որը ֆինանսավորվելու է հետևյալ աղբյուրներից՝
ԵՆԲ կողմից տրամադրված վարկ՝ 25 մլն եվրո,
Եվրոպական միության «Հարևանության ներդրումային հարթակ»-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցներ, որից ներդրումային դրամաշնորհ՝ 10.1 մլն եվրո, տեխնիկական աջակցություն՝ 650 հազար եվրո, այլ ծախսեր՝ 250 հազար եվրո,
Երևանի քաղաքապետարանի սեփական միջոցներ՝ 2 մլն եվրո:
Ծրագրի իրականացման նպատակն է Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրային շենքերում, մասնավորապես մանկապարտեզներում և պոլիկլինիկաներում իրականացնել էներգաարդյունավետության և էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ, որոնց արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել 38 հասարակական շենքերի (6 պոլիկլինիկա և 32 մանկապարտեզ) էներգիայի սպառումը մոտ 65%-ով, նվազագույնը 20 տարով ավելացնել շենքերի շահագործման ժամկետը, նվազեցնել CO2 արտանետումները մթնոլորտ:
«Հանրային շենքերի հիմնանորոգումը, սեյսմիկ ամրացումն ու վերակառուցումը պետական և համայնքային մակարդակում առաջնահերթություն են, որով պայմանավորված՝ համաձայնագրի վավերացումը հանդիսանում է այս ծրագրի կյանքի կոչման կարևոր բաղադրիչ»,- ասաց Ղալեչյանը:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում:
Առաջնորդվելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Երևանի էներգաարդյունավետության երկրորդ ծրագիր» ներդրումային դրամաշնորհային համաձայնագիր վավերացումը կամ հաստատումը նպատակահարմար է: