Երևանի Փոքր Կենտրոնում էլեկտրամատակարարման անջատումները կբացառվեն. ՀԷՑ-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել
ՀԷՑ-ը ներկայացրել է ներդրումային ծրագիր, առաջինը Փոքր Կենտրոնի ինքնաբավ համակարգի ստեղծման ծրագիրն է, որը կբացառի հոսանքի, էլեկտրամատակարարման անջատումները մայրաքաղաքի Փոքր Կենտրոնում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը՝ ներկայացնելով Երևանի ներդրումային ծրագրի՝ 2024 թվականի հաշվետվությունը և 2025 թվականին մայրաքաղաքի վարչական տարածքում իրականացվելիք ծրագրերը:
«Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 123 կմ մալուխ, որի խրամուղու փորման երկարությունը 83,5 կմ է: Այն ընդգրկում է մայրաքաղաքի 111 փողոց:
Հավանության արժանացած և հաստատված ծրագիրն այս ամիսների ընթացքում ունի հետևյալ պատկերը. 22 հասցեների համար դիմել են քաղաքապետարան, պատրաստի նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա ստացել են շինթույլտվություն, և այժմ [աշխատանքն] իրականացվում է 22 փողոցներում, որից 8-ը բաժին են ընկնում Կենտրոն վարչական շրջանին, մնացածը՝ այլ վարչական շրջանների»,- ասաց Արեյանը՝ նշելով, որ մնացած աշխատանքները պլանավորվում է ավարտել աշնանը: