կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Երևանի մետրոպոլիտենի 2 կայարանում 6 շարժասանդուղքի փոխարինումն արժեցել է շուրջ 335 մլն

Երևանի մետրոպոլիտենի 2 կայարանում 6 շարժասանդուղքի փոխարինումն արժեցել է շուրջ 335 մլն

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում շարժասանդուղքների փոխարինման համար ծախսվել է մոտ 220 մլն դրամ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդատվության ժամանակ ասաց մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը։
Նա ընդգծեց, որ այնտեղ 3 շարժասանդուղք է փոխարինվել, իսկ այժմ նմանատիպ աշխատանքներ են տարվում «Սասունցի Դավիթ» կայարանում։
 
««Սասունցի Դավիթ» կայարանում 3 շարժասանդուղքի փոխարինման աշխատանքներն ընթացքում են, որից մեկն արդեն ավարտել ենք ու շահագործման է հանձնվել։ Մյուս երկուսը կավարտենք մինչև մայիսի 30-ը։ Այստեղ ծախսվել է 115 մլն դրամ»,– նշեց Սեդրակյանը։
Նա այս տվյալները ներկայացրեց, քանի որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ցանկացավ հանրությանը ցույց տալ, թե որքան գումար է ծախսվում այդ գործընթացն իրականացնելու համար ու թե քանի ավտոբուս էր հնարավոր բերել այդ փողով։
«Սա էլ է շատ ծախսատար գործընթաց։ Էսքան շարժասանդուղքի փոխարինման գումարով վստահաբար բավականին մեծ քանակի ավտոբուս կկարողանայինք ձեռք բերել»,– նշեց Ավինյանը։
Մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը նաև ընդգծեց, որ նախորդ շաբաթվա ընթացքում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումը կազմել է 443 216 մարդ։ Գիծ է դուրս բերվել 2910 գնացք։

  • Կիսվել: