երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանցիների անվտանգությունը առաջնահերթություն է, բայց անվերջ չենք կարող համոզել, որ վթարային շենքում են ապրում. Ավինյան

Երևանցիների անվտանգությունը առաջնահերթություն է, բայց անվերջ չենք կարող համոզել, որ վթարային շենքում են ապրում. Ավինյան

Արզումանյան 10 և 17 վթարային շենքերի ծրագրի առնչությամբ պայմանագրի տեքստը բնակիչների հետ համաձայնության փուլում է, նաև Կառավարության որոշման անհրաժեշտություն է առաջացել, և քննարկումների պատճառով ժամկետներ են բաց թողնվել։

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ բնակիչների ներկայացուցիչների հետ վերջին անգամ կքննարկվեն իրենց դիտարկումները, և ավարտական տեսքի կբերվեն փաստաթղթերը, որոշման նախագիծը ուղարկվի Կառավարություն, ու կկնքվեն պայմանագրերը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով ասաց. «Նախորդ շաբաթ Արցախի նրբանցքի 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող բնակիչներին բնակարանների գնման վկայականներ հանձնեցինք: Սա շատ կարևոր ծրագիր է, որ քաղաքն իրականացնում է, չնայած նմանատիպ ծրագրեր իրականացնելու փաստացի պարտավորություն Երևան քաղաքը չունի: Այնուամենայնիվ, երևանցիների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է, բայց, տեսեք, Արզումանյան 10 և 17 վթարային շենքերի ծրագրերը սկսել էինք ավելի վաղ։ Եվ այս քննարկումները բնակիչների հետ չեն կարող անվերջ լինել, անվերջ չենք կարող համոզել, որ իրենք ապրում են 4-րդ կարգի վթարային շենքում, որը ոչ շատ հեռավոր ապագայում կարող է փլվել։ Առաջարկվող պայմանները էականորեն լավն են եղածի համեմատ»։

  • Կիսվել: