երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երեխաների իրավունքների մասին օրենքը կփոփոխվի. նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ-ում

Երեխաների իրավունքների մասին օրենքը կփոփոխվի. նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ-ում

Կառավարությունը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել նախագիծ, համաձայն որի՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում: Նախագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ օրենքի կարգավորման առարկան երեխայի բոլոր հնարավոր իրավունքներն են:

«Սույն նախագծով մենք փաստացի լիազորող նորմ ենք ապահովում համալիր ծրագրերի իրականացման համար հատկապես այս շատ կարևոր փուլում, երբ երեխայի իրավունքների մասին գործող համալիր ծրագիրն ավարտվում է: Նախորդիվ գործող բոլոր ռազմավարությունները վերլուծվել են, և շուտով ԱԺ քննարկմանն ենք ներկայացնելու Ընտանեկան օրենսգիրքը և սույն օրենսգիրքը հիմնովին փոփոխված, և այն վերանվանվելու է որպես «Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգ»:

Այս համատեքստում երկիրն ունենալու է շատ կարևոր հանձնառություն՝ համալիր ծրագրեր սահմանելու, որտեղ արտացոլված կլինեն բոլոր հնարավոր իրավունքներին վերաբերելի գործողություններ՝ սկսած երեխային բռնությունից զերծ պահելուց մինչև նրա, օրինակ՝ անվան իրավունքին կամ ամենակարևորը՝ ապրելու իրավունքին վերաբերելի հարցեր»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը նաև տեղեկացրեց, որ նախագծով ուժը կորցրած է ճանաչվում տարեկան ծրագրերին վերաբերելի հոդվածը:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Ռուստամ Բաքոյանը պարզաբանեց՝ 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն  բյուջետային միջոցառումները, իսկ երեխայի իրավունքների պաշտպանությանն առնչվող այլ և ոչ պակաս կարևոր միջոցառումները ընդգրկված են ոչ միայն Կառավարության, այլև մի շարք իրավական ակտերում:

«Կարևոր եմ համարում և ողջունելի է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը համակարգող մեկ ընդհանրական և համալիր ծրագրի մշակումը: Այն միաժամանակ նախապայմաններ կստեղծի երեխայի լիարժեք և համակողմանի զարգացմանն ուղղված կարճաժամկետ միջոցառումների փոխարեն առավել ընդգրկուն, շարունակական և երկարաժամկետ միջոցառումների հնարավորություն ունենալու համար, որն էլ իր հերթին, բնականաբար, առավել բարենպաստ կդառնա իրականացվելիք աշխատանքների մշտադիտարկման և ոլորտի արդյունավետ կազմակերպման վրա»,- ասաց Բաքոյանը՝ տեղեկացնելով, որ հանձնաժողովի նիստին նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

  • Կիսվել: