ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է 6 հազարից ավելի ընտանիք

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագրից օգտվել է 6 հազարից ավելի ընտանիք

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2020 հուլիսի 1-ից իրականանցում է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային աջակցության ծրագիրը, որից մինչ այժմ օգտվել է 6 հազար 400 ընտանիք:  Ընտանիքի միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը նշեց, որ պետական բյուջեից տրվել է 4.4 մլրդ դրամ:  

«Այսպիսի ակտիվություն սպասելի չէր, ինչի մասին վկայում է այն, որ պետական բյուջեով նախատեսված պլանային ցուցանիշները միշտ չեն բավականացնում և տարվա ընթացքում մի քանի անգամ բյուջեն համալրվում է: Օրինակ 2022 թվականի մեր փաստացի ֆինանսավորումը՝ 2.1 մլրդ դրամ, գերազանցել է 2020, 2021 թվականի գումարային ցուցանիշին: Կարող ենք ասել, որ ծրագիրն իր ազդեցությունն է թողնում ընտանիքների վերարտադրողական վարքագծի վրա»,-ասաց Գայանե Ղարագյոզյանը: Նա ընգծեց, որ կան ընտանիքներ, որոնք նույնիսկ երկու անգամ են օգտվել ծրագրից:

 

2023 թվականին արդեն ծրագրից օգտվել է 960 շահառու: Ծրագրի հիմնական նպատակն է երկրում ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը, ծնելիության խթանումը: Ծրագրի ներքո իրականացվում են 3 նպատակային առանձին ծրագրեր: Դրանցից երկուսը վերաբերում են այն ընտանիքներին, որոնք նոր են պատրաստվում ձեռք բերել անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն: 3-րդ ծրագիրը վերաբերում է այն ընտանիքներին, որոնք արդեն ունեն հիփոթեքային վարկ և ընտանիքում ծնվել է նոր երեխա:

Առաջին և երկրորդ ծրագրերի դեպքում պետությունն աջակցում է նախ մարզային բնակավայրում առնվազն երկու անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին գույք ձեռք բերելու կամ տուն կառուցելու հարցում: Առնվազն 2 երեխա ունեցողներին տրամադրվում է մինչև 1 մլն դրամ, 3 երեխա ունեցողին՝ մինչև 1.5 մլն դրամ, 4 և ավելի երեխա ունեցողներին մինչև 2 մլն դրամի չափով: Գումարն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը:  

 

Հաջորդիվ ծրագրի շրջանակում աջակցություն է տրամադրվում կանխավճարի տարեկան ապահովագրավճարի ֆինանսավորման համար:

Պետությունն աջակցություն է սահմանում նաև հիփոթեքային վարկ մարող ընտանիքներին, որոնք ունենում են նոր երեխա, անկախ երեխայի կարգաթվից: Առաջին և 2-րդ երեխայի դեպքում աջակցության չափը կազմում է մինչև 500 հազար դրամ, 3-րդ և հաջորդ երեխայի դեպքում  մինչև 2 մլն դրամ:

Ընտանիքների աջակցությանն ուղղված ոլորտային աշխատանքների թեման շարունակելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ  նախարարությունը նախաձեռնել է նաև ընտանեկան օրսնգրքի և երեխաների իրավունքների պաշտպանության մասին օրենքի լրամշակումը:

 «Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքը կենսական և կարևոր իրավունքներից մեկն է: Կարևոր ինստիտուտներից է նաև խնամատար ընտանիքի իսնտիտուտը: Ցավոք, երբեմն հնարավոր չի լինում երեխայի խնամքն ու դաստիարակությունը կազմակերպել կենսաբանական ընտանիքում: 2022 թվականին նախատեսված 208 մլն դրամի համեմատ այս տարի տրամադրվել է 310 մլն դրամի աջակցություն: Ծնողը ստանում է նվազագույն աշխատավարձի չափով գումար, այնուհետև 70 հազար դրամ երեխայի խնամքը կազմակերպելու համար»,-ասաց Քրիստինա Հովհաննիսյանը: Ներկայում 110 երեխա խնամք և դաստիարակություն է ստանում 69 ընտանիքներում:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը Հետք մեդիա գործարանի հետ իրականացնում է ծրագրի, որի շրջանակում ուսումնասիրվում են սահմանային այն գյուղերը, որոնք ունեն 100-ից պակաս բնակչություն: Հետք մեդիա գործարանի ծրագրի ղեկավար Հարություն Մանսուրյանը նշեց, որ ուսումնասիրության առանցքում ընտանիքներն են ու նրանց խնդիրները: Նպատակն է գույքագրել սահմանամերձ համայնքների ընտանիքների խնդիրները, բարձրաձայնել ու ներկայացնել պատկան մարմիններին:

«Առայժմ աշխատանքները սկսել ենք Վայոց ձորի մարզից: Փորձում ենք գույքագրել, թե այդ գյուղերում ովքեր են ապրում, ինչ ենթակառուցվածքներ կան, ինչ խնդիրների առաջ են կանգնած: Մենք նկարահանել ենք մի ընտանիքի պատմություն: Մեկ տանը երեք սերունդ է ապրում, տղան մասնակցել է պատերազմին, վիրավորվել է, մեկ աչքը չի տեսնում, ոտքերը բեկորների մեջ են: Մինչև պատերազմը նա վարկ էր վերցրել տունը վերանորոգելու համար, սակայն հաշմանդամութուն ձեռք բերելուց հետո չի կարողացել աշխատել ու հիմա տունը կորցնելու շեմին են: Այո, պետությունն ունի բազմաթիվ ծրագրեր, սակայն այսպիսի օրինակները շատ են մեր շրջապատում, որոնց պետք է անդրադառնանք»,-ասաց Հարություն Մանսուրյանը:

Նա նկատեց, որ իրենց ուսումնասիրած համայնքներում ջրի խնդիր չկա: Լուծված է թե ոռոգման, թե խմելու ջրի խնդիրը, բայց կա մանկապարտեզի, մշակույթի կենտրոնի խնդիր: Այդ բոլոր խնդիրները գույքագրվելու են և ինտերակտիվ քարտեզի տեսքով ներկայացվելու են: 

  • Կիսվել: