ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության աջակցության ծրագրերից 2021 թ. օգտվել է 1940 շահառու

Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության աջակցության ծրագրերից 2021 թ. օգտվել է 1940 շահառու

2021 թվականի ընթացքում շարունակվել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը, որոնց շրջանակում աջակցություն է ստացել 1940 շահառու՝ շուրջ 1.3 միլիարդ դրամի չափով: Այս մասին այսօր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել երրորդ և հաջորդ երեխայի ծնվելու դեպքում  դրամական աջակցություն տրամադրելը, որը լրացուցիչ երաշխիքներ է տալիս: 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների դեպքում տրամադրվում է ամսական 50 հազար դրամ, մինչև երեխայի 6 տարին լրանալը»,- ասաց նախարարը:

Շարունակվել են նաև սոցիալապես անապահով ընտանիքների սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի դիմաց նվազ սակագներ վճարելու գործընթացը:

«Այս կապակցությամբ ամեն ամիս «Գազպրոմ Արմենիային» են տրամադրվում շուրջ 68 հազար, իսկ ՀԷՑ-ին՝ շուրջ 95 հազար անապահով ընտանիքների տվյալներ: Սպառած խմելու ջրի համար նվազ սակագնով վճարելու համար անապահով ընտանիքների տվյալները «Վեոլիա ջրին» կտրամադրվեն՝ սկսած 2022 թվականի հուլիսից, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սահմանված նվազ սակագների տարբերության արդյունքում հաշվարկված գումարը կդիտարկվի որպես ընտանիքի կատարած կանխավճար: Այս արտոնությունից օգտվող անապահով ընտանիքների թիվը կլինի շուրջ 70 հազար»,- ասաց նախարարը:

Նարեկ Մկրտչյանն անդրադարձավ նաև այլ ծրագրերի: 2021 թվականի ընթացքում եղել է 22 որդեգրում. 17-ը՝ ներպետական, 5-ը՝ արտերկիր:

«Դրամաշնորհային մրցույթների արդյունքում պետության կողմից հասարակական կազմակերպություններին պատվիրակման շրջանակում ՀՀ 22 խոշոր համայնքներում շուրջ 3100 երեխայի տրաադրվել են ցերեկային խնամքի ծառայություններ: Ընդ որում՝ հաշմանդամություն ունեցողների մասնաբաժինը կազմել է միջինում 21 տոկոս»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: