Ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է վերցնի ՀԷՑ-ի կառավարումը. Փաշինյան
Երեկ մասնակցում էի «Հոմպլեքս» հիպերմոլի բացմանը և արարողության ժամանակ հիպերմոլը հոսանքազրկվեց, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ 70մլն դոլարի ներդրում են կատարել, ինձ այդպես ասացին, և չեն կարողանում նորմալ բացման արարողություն անել»,-հավելեց նա։
Փաշինյանը երկու տարբերակ է քննարկում. մի տարբերակն այն է, որ հատուկ սաբոտաժ է արվել, իսկ մյուսը՝ համակարգը տեխնիկապես ի վիճակի չի աշխատել։
«Երկու դեպքերում էլ իրենք բոլոր գծերն անցել են և այն, ինչ ասել եմ առաջիկայում, պետք է անցնենք դրա կատարմանը։ Իհարկե, պրոցեսը չի լինելու մեկ փուլով, բայց ակնհայտ է, որ պետությունը շատ արագ պետք է վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը և հետագա գործընթացները՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ, պետք է արագ և ադյունավետ իրականացնենք։ Իհարկե, հարցը քաղաքական մակարդակով քննարկել ենք, քննարկվել է ՔՊ վարչության նիստում, ԱԺ ՔՊ խմբակցությունն էլ նույնպես քննարկումներ ունեցել է։ Համատեղ աշխատանքով արդեն հարցը ընդգրկված է Կառավարության նիստի օրակարգում և արտահերթ նիստով համապատասխան փոփոխությունները շատ արագ տեղի կունենա»,-հավելեց վարչապետը։
Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում այդ գործողությունները շատ արագ տեղի կունենան և պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը. «Եվ այդ կետից սկսած մենք արդեն ավելի հանգիստ պայմաններում հետագա սցենարները կքննարկենք, թե որ ուղղությամբ ենք գնալու։ Սակայն մի ռազմավարական հարցի շուրջ եմ ուզում խոսել՝ որ ուղղությամբ էլ որ մենք գնանք, պետք է մի իքս պահի ապահովենք ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը։ Ընդ որում, այս ամենը հաշվի առնելով, պետք է այնպիսի երաշխքի ստանանք, որ ՀՀ քաղաքացիները կարողանան իրենց խնայողությունները ներդնել, բաժնետոմսեր ձեռք բերել»։
Փաշինյանը հիշեցրեց, որ նման ռազմավարական նպատակ ունեն նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պարագայում։
«Սա մեր գործընթացների կարևոր վերջնակետերից ու արդյունքներից մեկը պետք է լինի»,-շեշտեց նա։