երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն 9 մլն եվրոյի բյուջետային աջակցություն կտա Հայաստանին՝ հակակոռուպցիոն նպատակներով

ԵՄ-ն 9 մլն եվրոյի բյուջետային աջակցություն կտա Հայաստանին՝ հակակոռուպցիոն նպատակներով

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրմանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացնելով նախագիծը՝ նշեց, որ այս համաձայնագրով ԵՄ-ի կողմից Հայաստանին կտրամադրվի բյուջետային աջակցություն՝ 9 մլն եվրոյի չափով: Եվս 2 մլն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար: Ծրագրի տեւողությունը 6 տարի է:

Գործողության ընդհանուր նպատակը Հայաստանում արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում միջազգային չափանիշների ձեռքբերմանը նպաստելն է, որոնք կապված են բարեվարքության և հաշվետվողականության, անկախության, որակի, արդյունավետության և ինստիտուտների հասանելիության հետ՝ բնակչության համար համարժեք ծառայություններ ապահովելու համար։ 

Գործողությունը, մասնավորապես, միտված է՝

արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ` դատական, դատախազության և քննչական մարմինների մասով,

քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով,

հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին,

բարեփոխումների վերաբերյալ շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանը կառավարության կողմից նախատեսված բարեփոխումներին հանրային աջակցության մոբիլիզացմանը,

միջազգային լավագույն գործելակերպին համապատասխան անկախ և անաչառ արբիտրաժային կենտրոնի ստեղծմանը:

Արբիտրաժային կենտրոնի ստեղծումը, ի թիվս այլնի, միտված է բարելավելու ներդրումային միջավայրը և բարձրացնել Հայաստանի Հանրապետության՝ որպես վեճերի լուծման հարթակի հեղինակությունը տարածաշրջանում: Միևնույն ժամանակ, այն միտված է նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը և խրախուսել ավելի արագ, ծախսարդյունավետ վեճերի լուծման մեխանիզմը, ինչպես քաղաքացիների, այնպես էլ՝ գործարարության զբաղվողների համար:

  • Կիսվել: