երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵՄ-ն 2 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ ՀԱԷԿ-ի համար շարժական դիզել պոմպերի ձեռք բերման համար

ԵՄ-ն 2 մլն եվրո կտրամադրի Հայաստանին՝ ՀԱԷԿ-ի համար շարժական դիզել պոմպերի ձեռք բերման համար

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ֆուկուշիմայի ատոմային էլեկտրակայանի՝ 2011թ. մարտի 11-ի վթարից հետո Եվրոպական միությունը նախաձեռնեց ատոմային էլեկտրակայանների գնահատում (սթրես-թեստ)՝ պարզելու, թե տվյալ էլեկտրակայանը որքան և ինչպես կարող է դիմակայել եղանակային առավելագույն ծանր պայմաններին, վերջնական ջերմատարի բացակայության պարագայում, լրիվ հոսանքա-զրկման պայմաններում, և մշակելու անհրաժեշտ միջոցառումների ցանկ և իրականացնելու ծանր վթարների կառավարման միջոցների վերլուծություն։

ՀՀ կառավարությունը միացել է ԵՄ նախաձեռնությանը, և 2011թ. հունիսին «Հայկական ատոմային էլետրակայան» ՓԲԸ-ին 2-րդ էներգաբլոկի ինքնագնահատում՝ համաձայն Միջուկային անվտանգության եվրոպական կարգավորող խմբի (ENSREG) մեթոդակարգի։ Ինքնագնահատման աշխատանքներն իրականացվել են ԵՄ աջակցությամբ, և ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի «սթրես-թեստի» հաշվետվության հիման վրա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի կողմից 2015թ. մշակվել և ԵՄ է ներկայացվելՀՀ «սթրես-թեստի» ազգային հաշվետվությունը։ Վերջինիս հաջորդել է ԵՄ դիտորդական առաքելության արդյունքների հիման վրա մշակված «Սթրես-թեստի» միջոցառումների ազգային ծրագիրը, որով սահմանվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության բարձրացման անհրաժեշտ միջոցառումներն ու կատարման ժամանակացույցը։

Գործընթացի շրջանակներում դեռևս 2015-2016թթ. ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու ազգային ծրագրում ներառված շարժական դիզել գեներատորների և շարժական դիզել պոմպերի գնման հարցում։ Հայկական կողմի հայտի հիման վրա 2021թ. անցկացվել է երկու առանձին մրցույթ՝ շարժական դիզել գեներատորների և պոմպերի գնման համար։

Այնուամենայնիվ, ֆինանսական միջոցների սղության պատճառով մրցույթը չի կայացել։ Արդյունքում, վերանայվել են տեխնիկական պահանջները և երկու մրցույթների համար նախատեսված ողջ ֆինանսավորումը ուղղվել է շարժական դիզել գեներատորների ձեռք բերմանը: Մրցույթը կայացել է 2021թ., և հաղթող է ճանաչվել «ES-Group» ընկերությունը։

Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ հետագայում կայացած քննարկումների շրջանակներում ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու նաև շարժական դիզել պոմպերի ձեռք բերման հարցում:

Այսպիսով՝ Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ 2 մլն եվրո արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը:

Վերջիններս կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։

  • Կիսվել: