հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց 4 տնտեսական միջոցառումները, որոնք ուղղված են բիզնեսի աջակցմանը

Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց 4 տնտեսական միջոցառումները, որոնք ուղղված են բիզնեսի աջակցմանը

Էկոնոմիկայի նախարար Տիրգան Խաչատրյանն այսօր տեղի ունեցած ասուլիսում ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող 4 տնտեսական միջոցառումներն՝ ուղղված բիզնեսի աջակցմանը:

Նա նշեց, որ ներկայացնելու է ոչ թե այն կազմակերպությունների և անհատների անունները, որոնք օգտվել են աջակցության ծրագրերից, այլ խոսելու է միայն թվերի մասին, որպեսզի չվնասի նրանց։

Միաժամանակ նախարարն ասաց, որ դեռ վաղ է ամփոփ թվերով խոսել, սակայն վերջին երկու օրերի ընթացքում արդեն իսկ երրորդ միջոցառման շրջանակներում՝ ՓՄՁ-ների աջակցության, ստացել են 120-ից ավելի դիմումներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1.4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ։

Տիգրան Խաչատրյանը նշեց նաև, որ այդ ծրագրից կարող են օգտվել այն ընկերությունները, որոնք 2019-ին ունեցել են 24-500 մլն դրամ իրացման շրջանառություն, չեն ունեցել ժամկետանց հարկային պարտավարություններ։

«Այդ դիմումները ստանալուց հետո մենք պարզում ենք՝ արդյոք այդ կազմակերպություններն ունեցել են վարկային և հարկային կարգապահություն, որից հետո գումարը տրամադրվում է»,- ասաց նախարարը։

Երկրորդ միջոցառումը վերաբերում էր գյուղատնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող աջակցությանը: Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ սա նոր ուղղություն չէ կառավարության համար, նախորդ տարի էլ շատ մեծ ծավալի աջակցություն է ցուցաբերվել:

«Այս տարի որոշակի լրացումներ ենք կատարել փաթեթում։ Մասնավորապես, գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերները կարող են դիմել մինչև 1 մլն դրամ միկրովարկավորման համար»,- ասաց նախարարը։

Երրորդ գործիքն ուղղված է փոքր ու միջին բիզնեսին։ «Հատկապես փոքր բիզնեսի համար արագացված ընթացակարգով, առանց բանկային և  ֆինանսական մյուս կազմակերպություններ միջնորդության վարկավորումն է, եթե իրենք 2019-ին դրսևորել են իրենց որպես օրինապաշտ հարկ վճարող և վարկառու»,- ասաց նա։

Չորրորդ գործիքը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք չնայած դժվար ժամանակներին 2020 թ-ի մարտի վերջի դրությամբ չեն կրճատել աշխատակիցների թիվը և աշխատավարձի ֆոնդը: «Այդ կազմակերպությունների դեպքում յուրաքանչյուր  5-րդ աշխատակցի մեկ միջին ամսվա աշխատավարձը վճարում է կառավարությունը»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

  • Կիսվել: