հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մոսկվայում մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը Մոսկվայում մի շարք գործնական հանդիպումներ է ունեցել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը հոկտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով գտնվում էր Մոսկվայում, որտեղ ունեցել է գործնական հանդիպումներ։

Հոկտեմբերի 5-ին նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ալմաստի արդյունահանմամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկի՝ ռուսաստանյան «ԱԼՌՈՍԱ» ընկերության կառավարման անդամ, «ԱԼՌՈՍԱ միացյալ վաճառքի կազմակերպության» տնօրեն Եվգենի Ագուրեևի և «ԱԼՌՈՍԱ» ընկերության Միջազգային համագործակցության վարչության պետ Պյոտր Կարակչիևի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադամանդագործության ոլորտներում հետագա համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Նարեկ Տերյանը տեղեկացրել է գործընկերներին նոր ստեղծվող «Հայ-Ալմաստ» պետական միասնական ընկերության մասին և ներկայացրել պլանավորվող աշխատանքների իրագործման մեխանիզմը։

Քննարկումների արդյուքում ռուս գործընկերները պատրաստակամություն են հայտնել սկսել համագործակցությունը ներկայացված մեխանիզմի համաձայն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, համագործակցությանն իրավական ընթացք տալու նպատակով, կարճ ժամանակահատվածում կազմել միասնական գործողությունների ճանապարհային քարտեզ։

Նարեկ Տերյանը հոկտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնությունում Կորեայի Հանրապետության առևտրի և ներդրումների աջակցության գործակալության գլխավոր տնօրենի պարտականությունները կատարող Կիմ Խամինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Կորեայի միջև տնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։

Այս համատեքստում, Նարեկ Տերյանի առաջարկով, մինչև ընթացիկ տարվա ավարտը կկազմակերպվի կորեական ընկերությունների այցը Հայաստան, ինչը լավ հնարավորություն կստեղծի երկու երկրների գործարար համայնքների միջև կապեր հաստատելու տեսանկյունից։

Հանդիպմանը քննարկվել է նաև Հայաստանում Կորեայի առևտրի կցորդի գրասենյակի հիմնման հարցը։ Կողմերը համաձայնության են եկել աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։

  • Կիսվել: