երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԵԱՏՄ-ում ազատականացման մակարդակը թույլ է տալիս ժամանակավոր աշխատանքի մեկնածներին չմտածել կարգավիճակի մասին. Սարգսյան

ԵԱՏՄ-ում ազատականացման մակարդակը թույլ է տալիս ժամանակավոր աշխատանքի մեկնածներին չմտածել կարգավիճակի մասին. Սարգսյան

Եթե խոսենք աշխատանքային ռեսուրսների մասին, ապա պետք է նշել, որ ԵԱՏՄ-ում էականորեն բարելավված են քաղաքացիների կացության և աշխատանքային պայմանները: Այս մասին Հայկական ժամանակին տված հարցազրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի՞ առավելություններ ունի ՀՀ այն քաղաքացին, որը մեկնում է ԵԱՏՄ անդամ այս կամ այն երկիր՝ ժամանակավոր աշխատանքի կամ ուսումնառության նպատակով:

Սարգսյանը, մասնավորապես, ասաց.

«ԵԱՏՄ շրջանակներում միգրացիոն կարգավորումները անդամ երկրների միջև բավականին դյուրացվել են: ԵԱՏՄ մի անդամ երկրից մյուս երկիր աշխատանքի նպատակով մեկնող անձը այլևս ստիպված չէ հանձնել քննություն և ստանալ աշխատանքի թույլտվություն, մասնագիտական դիպլոմը ճանաչվում է վավեր, բացառություն են կազմում միայն երեք մասնագիտություններ՝ իրավաբանություն, մանկավարժություն, բժշկություն: Փոփոխվել են նաև գրանցման համար անհրաժեշտ ժամկետները. նախկին 7 օրվա փոխարեն այժմ քաղաքացին ունի հնարավորություն աշխատանք փնտրել և գրանցվել 30 օրվա ընթացքում, իսկ աշխատանք գտնելուց հետո գրանցումը երկարաձգվում է աշխատանքային պայմանագրի ժամկետով: Աշխատող քաղաքացին օգտվում է նաև բժշկական նվազագույն ապահովագրությունից, իսկ երեխաները՝ դպրոց կամ մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից:

Ազատականացման այս մակարդակը թույլ է տալիս ժամանակավոր աշխատանքի մեկնած անձանց այլևս չմտածել իրենց օրինական կարգավիճակի մասին և աշխատանքային հարաբերությունների ավարտին վերադառնալ երկիր՝ սահմանին առանց որևէ խոչընդոտի հանդիպելու: Բնականաբար, աշխատանքային միգրացիան ուղիղ կապի մեջ է երկիր ներհոսող տրանսֆերտների հետ: Օրինակ՝ 2016-2018 թվականներին ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստանի Հանրապետություն տրանսֆերտները աճել են 18 տոկոսով»:

  • Կիսվել: