չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել

ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի 75 աշխատակից աշխատանքից ազատման դիմում է գրել

«ՁԻԱՀ կենտրոնի» աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են գրել, որի տակ արդեն 75 աշխատակից ստորագրել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Առողջապահության նախարարության «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» «ՆՈՐՔ» ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելու որոշմանը, նա հայտնեց․

«Կոլեկտիվում 107 աշխատակից կա, ինձ ասացին, որ այստեղ հասնելու պահին դեռ 75-ն է ստորագրել։ Աշխատակիցները համամիտ չեն «Նորք» ինֆեկցիոնին միավորվելու դեպքում կրելու այն ռիսկերը, որոնց մասին մենք մի տարուց ավելի է բարձրաձայնում ենք, բայց որևէ մեկը չի հասկանում։ Համամիտ չենք, որ պետք է ենթարկվենք ճնշումների, ինչն անթույլատրելի է մեզ համար։ Բժշկի արժանապատվությունը մեզ համար ավելի վեր է»։

Նրա խոսքով՝ նախարարությունը ոչ թե միայն զիջումների չի գնում, այլ ամեն ինչ անում է, որ օր առաջ այդ միացումը կայացնի.

«Ասում են՝ միացնենք, վերջացնենք, հետո կգանք քննարկման: Ձե՞ռ են առնում, հետո իրենք են խնդիրների համար պատասխանատվություն կրելու»։

  • Կիսվել: