հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին դիմում ենք ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու համար. փաստաբան

«Տաշիր կապիտալի» անունից ՀԾԿՀ-ին դիմում ենք ներկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը իջեցնելու համար. փաստաբան

Հենց նոր դիմում մուտքագրեցինք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, ինչպես գիտեք, հունիսի 6–ին ևս մեկ անգամ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից դիմում էր ներկայացվել սակագնի վերանայման համար, առավել կոնկրետ սակագնի իջեցման հետ կապված՝ 3.6 միլիարդ դրամի դրական տարբերությունը հաշվի առնելով, որը սակայն հանձնաժողովը մերժել էր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տաշիր կապիտալի» փաստաբանական խմբի ներկայացուցիչներից Վարդան Ալոյանը։

Նրա խոսքով՝ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ դիմումը մերժել էր՝ պատճառաբանելով, որ քանի որ որպես հիմք ընդունված է 6 ամսվա կտրվածքով կատարված հաշվարկը, կա ռիսկ, որ հակառակ էֆեկտը կարող է ունենալ, կարող է մեկ տարվա կտրվածքով գումարի չափը ոչ թե դրական լինել, այլ բացասական, և արդյունքում անհրաժեշտություն լինի մի բան էլ սակագինը բարձրացնելու։

«Հիմա նորից դիմումը ներկայացրեցինք, արդեն ներկայացնելով գրեթե մեկ տարվա հաշվարկը՝ հիմք ընդունելով, որ արդեն իսկ կազմում է 6 միլիարդից ավել գումար։ Այսինքն նախորդ 3.6 միլիարդը մի բանն էլ մեր կանխատեսումների համաձայն, ավելացել, հասել է 6 միլիարդի։ Կրկին խնդրեցինք վերանայել սակագինը և իջեցնել այն։

Այստեղ շատ կարևոր հանգամանք է, որ դիմումը ներկայացրել ենք և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի անունից, և ընկերության բաժնետեր «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի անունից, և ընկերության տնօրենների խորհրդի անունից։ Այսինքն հնարավոր բոլոր անձանց անունից նույն դիմումը ներկայացրել ենք, որպեսզի անգամ տեխնիկական վերադարձի կամ չքննարկման հարց չունենանք»,–ասաց նա։

Ըստ փաստաբանի, դիմումը մուտք է եղել, հիմա հույս ունեն, որ դիմումը կքննեն, սակագինը կիջեցնեն, բնակչության բեռն էլ որոշակի չափով կթեթևանա։

  • Կիսվել: