ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դրամային վարկերի դեպքում մարդիկ փաստացի փոխարժեքի փոփոխությունից մեծ հաշվով ոչ շահելու են, ոչ՝ տուժելու. Գևորգ Պապոյան

Դրամային վարկերի դեպքում մարդիկ փաստացի փոխարժեքի փոփոխությունից մեծ հաշվով ոչ շահելու են, ոչ՝ տուժելու. Գևորգ Պապոյան

Այժմ ՀՀ քաղաքացիները կարող են ստանալ ցանկացած արժույթով հիփոթեկային վարկեր, այսինքն՝ ոչ միայն դրամով, այլև ռուբլով, դոլարով, եվրոյով և այլ արժույթներով, եթե իհարկե այդ մարդկանց տրամադրեն: Սա, իհարկե ունի հնարավորություններ, բայց նաև իր մեջ ունի որոշակի ռիսկեր: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

«Հիմնականում հիփոթեքային վարկերը հենց դոլարով են տրամադրվում, չնայած, ինձ համար նաև շատ զարմանալի է, որ եվրոյով նաև կան, ես դրա մասին առանձին էլ կխոսեմ, երբ մարդու եկամուտները բացարձակապես դրամային են, սակայն շատ ռիսկային տեղում մարդը ներդրում է անում եվրոյի տեսքով: Օրինակ՝ 400 փոխարժեքի ժամանակ քաղաքացիները եվրոյով հիփոթեքային վարկ են վերցրել և այսօր արդեն 430-440 են վճարում: Պատկերացնենք, վաղը կարող է 700 դառնալ, որովհետև եվրոյի կուրսը տարբեր ժամանակներում մեծ տատանում է ունենում և կարող է իրականում պարզվի՝ այդ մարդը ոչ թե վերցնում է 4-5-6 տոկոսով, այլ պարզվի իր տոկոսադրույքը 50-60 տոկոս է, կամ ավելի բարձր է, որովհետև կարող են այդպիսի մեծ տատանումներ լինեն»,-նշեց Պապոյանն ու ընդգծեց, որ նման իրավիճակներում մեծ ռիսկեր են առաջանում վարկերի մարման հետ, որովհետև մեկ այլ բան է, երբ պլանավորել ես ամեն ամիս վճարել 200 հազար դրամ վարկ, որը օրինակ 500 եվրո է, մեկ այլ բան է, երբ օրինակ դա դառնում է 300 հազար դրամ, որովհետև օրինակ՝ փոխարժեքը դարձել է 600:

Նա շեշտում է, որ փոխարժեքը Հայաստանում լողացող է՝

«Կառավարությունը և կենտրոնական բանկը չունեն որևէ քաղաքականություն ինչ-որ փոխարժեքներ ֆիքսելու: Դա է պատճառը, որ մենք 1 տարի առաջ բոլորովին այլ փոխարժեք ունեինք, օրինակ՝ նույն եվրոյի մասով: 1 տարի առաջ այս ժամանակ՝ մոտավորապես 550-570 էր, հիմա 420 է: Ես չգիտեմ ինչքան կլինի 1 տարի հետո՝ 300, թե 700, բայց երկուսն էլ կարող են նույն չափով հավանական լինել, որովհետև լողացող է փոխարժեքը և դրան մենք չենք պատրաստվում միջամտել և մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեքը պահպանելու վրա: Հետևաբար, շատ ավելի ճիշտ է, որ մենք գնանք այն ճանապարհով, որ այն ռիսկերը, որոնք կան, մենք հնարավորինս փոքրացնենք: Այս պարագայում դա այն է, երբ մեր քաղաքացիներին տրամադրենք միայն դրամային վարկեր: Դրամային վարկերի դեպքում մարդիկ փաստացի փոխարժեքի փոփոխությունից մեծ հաշվով ոչ շահելու են, ոչ՝ տուժելու»,-ներկայացրեց Գևորգ Պապոյանը:

  • Կիսվել: