Դիտարկում ենք ԱՄԷ-ն որպես առանցքային գործընկեր ՀՀ-ի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար. Պապոյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Աբու Դաբիում մասնակցում է ամենամյա ներդրումային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Միջոցառման շրջանակում նախարարը հանդիպում է ունեցել ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Աբդուլլա բին Թոուք Ալ-Մարրիի հետ։
Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև տնտեսական կապերի զարգացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, երկու երկրների գործարար համայնքների համագործակցության հնարավորությունները։
Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը, որի արդյունքում ներկայում ԱՄԷ-ն գլխավորում է Հայաստանի ամենամեծ արտահանող և ներմուծող երկրների ցանկը:
Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է, որ առկա են նախադրյալներ տնտեսության ոլորտում գործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։
«Մենք դիտարկում ենք ԱՄԷ-ն որպես առանցքային գործընկեր Հայաստանի և Ծոցի երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։ Այսօր մենք պատրաստ ենք համագործակցության նոր ոլորտներ ուսումնասիրել և մշակել նախագծեր, որոնք փոխշահավետ կլինեն մեր երկու երկրների համար»,- նշել է Գևորգ Պապոյանը:
Նախարարը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները, ՀՀ Կառավարության կողմից նախաձեռնված ծրագրերը և ներդրումային հնարավորությունները։
Առանձին անդրադարձ է կատարվել զբոսաշրջության, վերականգնվող էներգետիկայի և կանաչ էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ տնտեսական ավելի լայն համագործակցության կարևոր բաղկացուցիչ։