կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Դեղերի անօրինական ներկրման համար տուգանքի չափերը կբարձրանան

Դեղերի անօրինական ներկրման համար տուգանքի չափերը կբարձրանան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն միտված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերահսկողական գործառույթներն ավելի արդյունավետ կազմակերպելուն: 

Նախագծով նախատեսվում է տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, ինչպես ունեն որոշ տեսչական մարմիններ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված և կեղծ դեղերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարձրացնել նաև տուգանքի չափերը: Գործող կարգավորմամբ անօրինական ներկրված դեղերի մինչև 30 փաթեթ հայտնաբերելու դեպքում նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով, իսկ 30-ից ավելիի դեպքում՝ 350-ապատիկի չափով: Տուգանքի նախատեսված չափերը, ըստ հանձնաժողովի նախագահի, չափազանց քիչ են. անբարեխիղճ տնտեսվարողները վճարում էին և շարունակում վաճառել անօրինական ներկրված դեղորայքը:

Փոփոխությամբ առաջարկվում է անօրինական ներկրված դեղերի մինչև 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք սահմանել նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5-ից ավելիի դեպքում՝ 2000-ապատիկի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում նախատեսվում է լիցենզիայի կասեցում մինչև 2 ամիս ժամկետով, կրկին հայտնաբերելու դեպքում՝ լիցենզիայի դադարեցում:

  • Կիսվել: