ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Դարոինկ» ընկերությունը պահպանում է բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, ինչը փաստել են նաև արտադրամաս այցելած Սննդի անվտանգության տեսչության մասնագետները. տնօրեն

«Դարոինկ» ընկերությունը պահպանում է բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները, ինչը փաստել են նաև արտադրամաս այցելած Սննդի անվտանգության տեսչության մասնագետները. տնօրեն

«Դարոինկ» ընկերությունը արտադրական պրոցեսում պահպանում է սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները, ինչը փաստել են նաև այսօր արտադրամաս այցելած Սննդի անվտանգության տեսչության աշխատակիցները: Այս մասին InfoPort-ի հետ զրույցում հայտնեց ընկերության հիմնադիր-տնօրեն Կարապետ Աֆրիկյանը:

Նա նշեց, որ օրեր առաջ ձեռնարկություն են այցելել նաև Առողջապահության Նախարարության մասնագետները և տվել համապատասխան հանձնարարականներ: «Իսկ այսօր Սննդի անվտանգության տեսչության մասնագետները շրջայցի ընթացքում համոզվեցին, որ բոլոր հանձնարարականները պատշաճ կատարված են և արտադրական պրոցեսը դադարեցնելու կարիք չկա»,- նշեց Աֆրիկյանը:

Նա նաև ասաց, որ կորոնավիրուսային համաճարակի ֆոնին ձեռնարկությունում էլ ավելի են խստացվել սանիտարահիգիենիկ կանոնները. «Բոլոր աշխատակիցների ջերմությունը չափվում է արտադրամաս մտնելիս, ապա նաև աշխատանքային օրվա վերջում, արտադրական պրոցեսի ընթացքում նրանք գտնվում են միմյանցից 1.5 մետր հեռավորության վրա:

Բոլոր աշխատակիցները կրում են համապատասխան համազգեստ»,- հավաստեց տնօրենը: Խոսելով ձեռնարկությունում ի հայտ եկած կորոնավիրուսի դեպքի մասին, նա նշեց, որ հիվանդը առաքիչներից մեկն է, որը ներկա պահին բուժում է ստանում հիվանդանոցում: «Նա ոչ մի կոնտակտ ձեռնարկության աշխատակիցների հետ չի ունեցել»,- հավաստեց Աֆրիկյանը: Ինչ վերաբերվում է երիտասարդի ծնողներին, որոնք նույնպես աշխատում են «Դարոինկում», ապա նրանք մեկուսացված են: Ուստի տնօրենը գտնում է, որ ձեռնարկությունը այս պահին կանգնեցնելու ոչ մի նպատակահարմարություն չկա, առավելևս, որ նման ցուցում չկա պատկան մարմիններից:

Ինչ վերաբերվում է InfoPort.am-ի խմբագրության կողմից ստացած ահազանգին այն մասին, որ ձեռնարկության տնօրինությունը ստիպում է աշխատակիցներին հաճախել աշխատավայր իրենց կամքին հակառակ, Աֆրիկյանը հավաստիացրեց, որ բոլոր այն աշխատակիցները, որոնք չեն ուզում այս օրերին աշխատել, ազատ են իրենց որոշման մեջ, միայն թե պետք է գրեն համապատասխան դիմում: Նա նաև հավաստեց, որ ոչ մի աշխատակից, ով այս օրերին չի ցանկացել աշխատի, աշխատանքից չի ազատվի, որովհետև նման մտայնություն ի սկզբանե չի էլ եղել:

  • Կիսվել: