հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Դա 21-րդ դարի գործարան չէ, դա ավար է ընդամենը, թալանի օբյեկտ է. վարչապետը՝ «Արարատցեմենտի» մասին

Դա 21-րդ դարի գործարան չէ, դա ավար է ընդամենը, թալանի օբյեկտ է. վարչապետը՝ «Արարատցեմենտի» մասին

Մեր պետության պատմությունը ցույց է տվել, որ օլիգարխիական բարեգործությունը ոչ մի լավ բանի չի բերում, և դրան պետք է լինի նաև համապատասխան արձագանք։ Որովհետև եթե կա բարեգործության հարց, թող բարեգործները չթալանեին ժողովրդից։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի»` բարեգործություն անելու խոստումներին:

«Հոսանքի և անազնիվ մրցույթների միջոցով միլիարդներ են տարել ժողովրդից, հիմա եկել են, ասում են՝ բարեգործություն։ Այսինքն՝ իրենք բավարար չափով հարկված չեն և դեռ բավարար չափով թալանված միջոցներ ունեն, որ կարողանում են դա անել։

Պետք է իրենց բերել այն վիճակի, որ իրենք դա չկարողանան անել, և մենք դա անելու ենք։ Ընդ որում՝ թալանվածի տրամաբանությունը և թալանի տրամաբանությունը շատ հստակ երևում է։

Էլի եմ ասում՝ ասում են՝ բանակին էս ենք արել, զորամասերի վրա ավել հոսանքի փող են գրել, հիմա ասում են՝ բանակի համար էս ենք արել։ Բանակից հոսանք չգողանայիք։

Ասում են՝ երեխաներին պայուսակ ենք տվել անցած տարվա սեպտեմբերին։ Դպրոցների վրա ավել հոսանքի փող են գրում, ավել հոսանքի փողից իրենց գեներացրած շահույթի 5 տոկոսից դուրս գրած պայուսակներ են առնում, ասում են՝ երեխաներին բարեգործություն են անում»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ «Արարատցեմենտ» գործարանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ քննադատելով ձեռնարկության կառավարման և արտադրական պայմանների վերաբերյալ առկա խնդիրները։

«Ցնցված եմ, որ լուրերով նայում եմ «Արարատ ցեմենտի» շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Լուրերով նայում եմ, վերևից կադրեր են ցույց տալիս՝ «Արարատցեմենտ» գործարանը։ Դա 21-րդ դարի գործարան չէ, դա ավար է ընդամենը, թալանի օբյեկտ է։

Դուք տեսե՞լ եք այդ կադրերը։ Միլիարդներ են աշխատել, միլիարդներ են տարել։ Ես եմ երկու տարի առաջ, երբ դրոնից կադրեր չունեի, այդ գործարանի մոտով անցնելիս պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, գոնե մուտքը այդ ի՞նչ վիճակում է, ոնց որ գոմ լինի։ Միլիարդների շրջանառություն ունեցող գործարանի դեպքում գոնե կարող եք այդ մուտքի հատվածում երկու կոպեկ գումար ծախսել, մի քիչ կարգի բերել։

Մուտքի հատվածը գնացեք նայեք, վերևից կերևա:

Հիմա փաստ է՝ Աստծո կամոք այն անցել է պետության կառավարմանը, և համոզված եմ՝ ինչպես ՀԷՑ-ի դեպքում, դեռ շատ նորություններ կիմանանք։

Որքան ՀԷՑ-ում բացահայտումները շատանում են, այնքան կալուգացի օլիգարխի ցանկությունը՝ նոր բարեգործություններ անելու, ավելի է մեծանում։ Հասկանալիորեն՝ ցույց տալու համար, որ այդ թալանածը միայն իր համար չէ, կիսվում է ժողովրդի հետ։

Ժողովրդի հետ կիսվելու միայն մեկ ձև կա՝ դա պետական և համայնքային միջոցներն են, որովհետև դա է ժողովրդի գրպանը։ Մնացած տեղերում դա թակարդ է ժողովրդի համար, ինչպես տեսել ենք նախորդող շրջանում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: