հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
 Չվճարած հարկերի համար գույքի վրա արգելանք դնելուն առնչվող նախագծի քննարկումը հետաձգվեց

Չվճարած հարկերի համար գույքի վրա արգելանք դնելուն առնչվող նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԲՀԿ-ական պատգամավոր ՄԻքայել Մելքումյանը։

«Այսօրվա գործող դրույթներով 500 հազար դրամի հարկային պարտավորության դեպքում գույքի վրա կալանք է դրվում: Առաջարկում ենք, որ այդ շեմը բարձրացվի՝ դառնալով 5 մլն դրամ »,-ասաց Մելքումյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորության չափը սահմանել տնտեսավարող սուբյեկտի կողմից նախորդ տարվա վճարած հարկերի հանրագումարի 7 տոկոսը, բայց ոչ պակաս, քան 5 մլն դրամը: Նա նշեց՝ միտքն այն է, որ եթե տնտեսավարողը որոշակիորեն կատարում է իր հարկային պարտավորությունները, ընթացիկ վիճակ է, արգելանք չդրվի։

Թեև նախագիծը դեռ չի քննարկվել կառավարությունում, և, հետևաբար, չկա կառավարության գրավոր եզրակացությունը, սակայն Մելքումյանն ասաց, որ պատրաստ է շեմն այդքան շատ չբարձրացնել:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, որպես այդ նախագծի հարցով կառավարության ներկայացուցիչ, ներկայացրեց իր բանավոր եզրակացությունը: «Առաջարկն, ըստ էության, հարկային մարմնին ենթադրում է սահմանափակել պետական բյուջեի հարկային եկամուտների մինչև 7 տոկոսի չափով հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու միջոցներ կիրառելու հնարավորությունից»,-ասաց նա և նշեց, որ սա իրական ռիսկ է , քանի որ ոչ մի բացատրություն չունի:

Պողոսյանի խոսքով՝ Կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականությունը ենթադրում է ոչ բարեխիղճ, ոչ կարգապահ հարկ վճարողների նկատմամբ խիստ վարչարարության իրականացում և խրախուսում ավելի օրինապահ հարկ վճարողների գործունեությունը։

«Այս առումով կարծում է, որ նախագծի ընդունումը հայտարարված քաղաքականության հետ ուղիղ հակադրության մեջ է»,- շեշտեց փոխնախարարը

Քննարկումներից հետո Մելքումյանն ասաց՝ քանի որ կառավարության գրավոր կարծիքը չունի, հետաձգում է հարցի քննարկումը:

  • Կիսվել: