ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չնայած դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և պոտենցիալը, և տնտեսական ակտիվությունը. նախարար

Չնայած դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և պոտենցիալը, և տնտեսական ակտիվությունը. նախարար

Այս տարի տնտեսական արդյունքի կրճատումը՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ էական կլինի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումներին։

Նշենք, որ Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ ուղղված հակահամաճարակային միջոցառումները զգալիորեն կճնշեն տնտեսական ակտիվությունը 2020-ին։

ԿԲ նոր կանխատեսումներով տնտեսական աճն այս տարեվերջին նախկինում կանխատեսվածից շուրջ 7 անգամ պակաս կլինի՝ կազմելով ոչ թե 5.3, ինչպես սպասվում էր, այլ ընդամենը՝ 0.7 տոկոս:

Տիգրան Խաչատրյանն ընդունելով ԿԲ-ի կանխատեսումը՝ միաժամանակ նշեց, որ ԿԲ-ի գնահատման առանձահատկությունը կայանում է նրանում, որ դա կոնկրետ իրավիճակի գնահատական է, այսինքն՝ այդ պահի դրությամբ տրված գնահատական:

«Այս տարին այն տարին է, որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը տարվա սկզբին արված կանխատեսումների համեմատությամբ: Տարվա սկզբին այդ արդյուքնները բավականին լավատեսական էին, և երկու ամսվա ցուցանիշները ոչ ավելի վատ էին, քան 2019-ին արձանագրված շատ լավ ցուցանիշները: Բայց սա ցույց է տալիս մի բան. որ մենք կարող եք արտադրել, կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որը աճում է բարձր տեմպերով: Կանցնեն դժվար ժամանակները:  Չնայած 2020 թ-ի դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և´ պոտենցիալը, և´ տնտեսական ակտիվությունը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:

 

  • Կիսվել: