ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Չեք թողում աշխատենք, դե եկեք վարկերս փակեք»․ Ռեստորանային բիզնեսի աշխատողները ծանր վիճակում են

«Չեք թողում աշխատենք, դե եկեք վարկերս փակեք»․ Ռեստորանային բիզնեսի աշխատողները ծանր վիճակում են

Երաժիշտ Նվեր Նազարյանը, որը երեք տասնամյակ նվագել է երևանյան ռեստորաններում, այժմ ծանր դրության մեջ է հայտնվել։ Նրա հետ միասին ռեստորանային բիզնեսում աշխատող շատ քաղաքացիներ՝ մատուցողներ, երաժիշտներ, երգիչներ, նկարահանող խմբեր և այլն։

Նվերի ընտանիքում բոլոր երեք աշխատողներն էլ նույն ոլորտից են, գրավադնելով տունն ու մեքենան խոշոր վարկ վերցրել, հիմնել են իրենց բիզնեսը, բայց արդեն մի քանի ամիս է՝ գումար չեն ստանում «գոնե վարկը փակելու համար»։

«Ամսական 600 հազար վարկ ունեմ ու մինչև էս վիրուսը շատ ստաբիլ, բարեխիղճ մուծել եմ։ Ու միայն ես չեմ էս վիճակում, իմ կողքը շատերը կան, արխային ընկնելով, որ ունեն աշխատանք, վարկ են վերցրել մեկը ավտո ա առել, մեկը՝ տուն ու հիմա փաստի առաջ են կանգնել, չունեն էդ աշխատանքը ու չգիտեն հիմա ինչ անել», - InfoPort.am-ի հետ զրույցում ասում է Նվեր Նազարյանը։

Նրա համար տարօրինակ է՝ գրեթե ամեն ինչ բաց է, կառավարությունը թույլ է տվել բացվեն, բայց չէ՞ որ կարող էին ռեստորաններին էլ որոշ սահմանափակումներով թույլ տալ աշխատել։

«Օրինակ՝ կարային թույլ տալ, որ ամբողջ սրահը չլցվեր, այլ՝ երեսուն տոկոսը, իսկ նվագողներն էլ հեռու, մի անկյունում կնստեին կնվագեին, իրարից հեռու, ի՞նչն էր իրանց խանգարում։ Իսկ եթե թույլ էլ չեն տալիս աշխատեն, դե թող բերեն իմ ծախսերը փոխհատուցեն, իմ վարկերը մուծեն, բա ես էլ ի՞նչ անեմ։ Թող չափանիշներ սահմանեն, աշխատենք, սենց ո՞նց կլինի, մնացել ենք սենց չոր ու ցամաք», -ասաց երաժիշտը։

Երևանյան այն ռեստորանը, որտեղ ինքը աշխատում է, ունի նաև բացօթյա հատված, բայց միևնույն է, նրա խոսքով, իրենց չի թույլատրվում նվագել։ «Որ ռեստորանում երաժիշտ չկա, մարդիկ չեն գնում, բոլոր աշխատողներին արդեն սկսում են հեռացնել», -նշեց Նվեր Նազարյանը։

Նա ասաց՝ հասկանում է, որ բողոքի ակցիա չի կարող անել, բայց նաև ուզում է, որ կառավարությունը լսի այս խավի ձայնը․

«Մեր ոլորտից մարդիկ եղան, որ ակցիա արեցին, բայց շատ արագ դադարեցրին։ Ճիշտն ասած մենք հասկանում ենք, որ չի թույլատրվում ակցիաներ իրականացնել, մենք էլ չենք ուզում օրենքին հակառակ քայլեր անել։ Բայց օրենքն էլ մեր նմաններին պետք է մի քիչ հասկանա՝ չեք թողում աշխատենք, չենք ասում՝ փող տվեք ուտենք, բայց մեր եղածն էլ մի տարեք մեր ձեռից։ Թող մի հատ կանչեն, քննարկենք, լուծենք էս վիճակը կամ բանկերին ասեն՝ մի խեղդեք էս մարդկանց»։

Նշենք, որ Հայաստանում մարտի 13-ից կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։ Սկզբնական շրջանում սահմանափակումները խիստ էին, սակայն ժամանակի ընթացքում դրանք վերացան, բայց միևնույն է ռեստորաններին, որոնք չունեն բացօթյա հատված, արգելվեց աշխատել։

  • Կիսվել: